Վրաստանում կարտոֆիլի գնի բարձրացում է սպասվում. EastFruit

EastFruit միջազգային տեղեկատվական-վերլուծական ընկերության տվյալներով, երկու շաբաթ առաջ Վրաստանում կարտոֆիլի մեծածախ գինը ռեկորդային էր դարձել՝ 1 կիլոգրամի արժեքը 1,7 լարի էր. այժմ գները կայունացել են։

Տվյալների համաձայն, Վրաստանում առաջիկա շաբաթներին կրկին սպասվում է գների աճ։ Ակնկալվում է, որ պահանջարկը կրկին բարձր կլինի, իսկ կարտոֆիլի պաշարները կնվազեն։

Կարտոֆիլի բերքահավաքը սկսվում է հունիսին Քվեմո Քարթլիում, իսկ հոկտեմբերին շուկայում ավելանում է Սամցխե-Ջավախեթիի բերքը, որը Վրաստանի ամենամեծ արտադրող տարածաշրջանն է։ Բանն այն է, որ վատ օդերևութաբանական պայմանների պատճառով այդտեղ բերքատվությունն այս տարի բավականին ցածր է եղել։ Այս գործոնի և ներմուծման բացակայության պատճառով գները սկսեցին աճել։

Հատկանշական է, որ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Վրաստանը գնել է 1 300 տոննա կարտոֆիլ, ինչը ներկրման ամենացածր ծավալն է վերջին 9 տարվա ընթացքում։ Պաշտոնական տվյալներով՝ հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ներմուծում ընդհանրապես չի իրականացվել։