Վրաստանում նորածինների ծնողները 25 լարիի չափով նվեր-վաուչերներ կստանան

Դեկտեմբերի 15-ից նորածինների ծնողներին, որոնք երեխայի ծնվելու գրանցման նպատակով կդիմեն Արդարադատության տուն, 25 լարիանոց նվեր-վաուչեր կտրվի: Ինչպես նշել են նախարարությունից, «Բարի գալուստ» խորագրով նախագիծը, որ մինչ այդ նախատեսված է եղել միայն սոցիալապես անապահովների համար, այսուհետ կլինի համընդհանուր:

Արդարադատության նախարարությունը հայտարարել է նաև, որ ծնողները բացի վաուչերներից, կստանան նաև զեղչերի քարտեր՝ մանկական սննդի ու խնամքի միջոցներ ձեռք բերելու համար:

Հաստատությունից նշում են, որ հանրութան շերտերին մի քանի տեսակի օգնության փաթեթ կառաջարկվի: Այսպես օրինակ, սոցիալապես անապահով ընտանիքները երեխայի ծննդյան վկայականի հետ մեկտեղ կստանան երեխայի հագուստ ու հիգիենայի պարագաներ, ինչպես նաև 25 լարիանոց վաուչեր: Միաժամանակ, կունենան 30-40 տոկոս զեղչ մեկ տարի երեխայի սնունդ կամ խնամքի միջոցներ գնելու համար, կամ՝ մեկանգամյա կիրառման 50 տոկոսանոց զեղչ:

Բացի սոցիալապես անապահով ընտանիքներից, երեխայի ծննդյան վկայական ստանալու նպատակով պետհաստատություններ դիմած ցանկացած ծնող կստանա երեխայի խնամքի ու սննդի պարագաների 25 լարիանոց նվեր-վաուչեր: Սրա հետ մեկտեղ, 10-20-40 տոկոսանոց զեղչի քարտ: Նախագծի շահառուները վաուչերները կկարողանան օգտագործել «Ֆարմադեպո» և «Ջիպիսի» դեղատների ցանցերում: