Վրաստանում նշում են Հանդուրժողականության միջազգային օրը

Նոյեմբերի 16-ին Վրաստանը համաշխարհային հանրության հետ միասին նշում է Հանդուրժողականության միջազգային օրը։ Այս մասին գրառում է կատարել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` նշելով, թե այս տոնը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հավասարությունն ու մարդու համընդհանուր իրավունքներն ամենակարևոր արժեքներն են։ 

«Այսօրվա տոնը մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հավասարության և հանդուրժողականության սկզբունքների վրա հիմնված հասարակությունը ժողովրդավարության ամուր հիմքն է։

Վրաստանը, որպես եվրոպական երկիր, հարգում և կիսում է ընդհանուր եվրոպական արժեքները, որտեղ մարդու համընդհանուր իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը երաշխավորված է Սահմանադրությամբ։ Մենք հարգում ենք յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվությունն ու ազատությունը»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության միջազգային օր է հռչակվել ՄԱԿ-ի կողմից ու ամրագրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հանդուրժողականության սկզբունքների հռչակագրում»։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր