Վրաստանում շինթույլտվությունները նվազել են

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին՝ 1689.9 հազար քմ մակերեսով 2 195 շինարարական թույլտվություն է տրվել, (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ 1,5 տոկոսով պակաս):

Geostat-ի փոխանցմամբ՝ շինթույլտվությունների 74,9 տոկոսը ստացվել է երկրի 4 շրջաններից, մասնավորապես՝ 49,2 տոկոսը՝ Թբիլիսիից, 10,1 տոկոսը՝ Մցխեթա-Մթիանեթիից, 8,5 տոկոսը՝ Քվեմո Քարթլիից և 7,1 տոկոսը՝ Իմերեթիից։

Նույն տվյալների համաձայն, 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին թույլտվություններ են տրվել բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրների, առևտրի օբյեկտների, հյուրանոցների, արդյունաբերական ձեռնարկությունների, գյուղատնտեսական նշանակության օբյեկտների և այլ շինությունների կառուցման համար։

«2023 թվականի հունվար-մարտին շահագործման է հանձնվել 539,5 հազար քառակուսի մետր մակերեսով 689 օբյեկտ (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ 1,2 տոկոսով պակաս):

Շահագործման հանձնված օբյեկտների կեսից ավելին գալիս է երկրի 4 շրջաններից, մասնավորապես՝ 28,9 տոկոսը՝ Թբիլիսիից, 17,3 տոկոսը՝ Մցխեթա-Մթիանեթիից, 11,8 տոկոսը՝ Կախեթիից, 9,9 տոկոսը՝ Իմերեթիից»,- նշված է տեղեկության մեջ: