Վրաստանում տեղումնառատ եղանակ է սպասվում

Հոկտեմբերի 2-ին և 3-ին Վրաստանում սպասվում է տեղումնառատ եղանակ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Ըստ կանխատեսումների՝ հոկտեմբերի 2-ին գիշերային ժամերին Արևելյան Վրաստանի արևելյան և սևծովյան ափամերձ շրջաններում, իսկ Վրաստանի շրջանների մեծ մասում ցերեկը սպասվում է անձրև՝ կայծակով, տեղ-տեղ՝ ուժգին, հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։

Հոկտեմբերի 3-ին Արևմտյան Վրաստանում և Արևելյան Վրաստանի արևմտյան շրջաններում կշարունակվեն անձրևները՝ տեղ-տեղ առատ, իսկ սևծովյան ափամերձ շրջաններում և Կոլխեթիի հարթավայրում՝ խիստ առատ տեղումներ են սպասվում, ծովում՝ 3-4 բալանոց ալեկոծություն:

Գործակալությունը զգուշացնում է՝ Վրաստանի գետերի վրա սպասվող առատ տեղումները հնարավոր է առաջացնեն ջրի մակարդակի զգալի աճ, փոքր գետերում վարարումներ, լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացներ։