Վրաստանում տղամարդկանց և կանանց աշխատավարձերի տարբերությունն ամսական 21,4 տոկոս է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2021 թվականին գենդերային ժամային աշխատավարձի ճշտված տարբերությունը կազմել է 15,7 տոկոս, աշխատավարձի ամսական տարբերության դեպքում նշված ցուցանիշը կազմում է 21,4 տոկոս:

Ըստ Geostat-ի՝ նախորդ տարվա համեմատ գենդերային ժամային աշխատավարձի տարբերությունը նվազել է 0,2 տոկոսային կետով, մինչդեռ ամսական աշխատավարձի տարբերությունը մնացել է անփոփոխ։

Geostat-ի փոխանցմամբ, ըստ գործունեության հիմնական տեսակների՝ 2021 թվականին ամենաբարձր ճշգրտված գենդերային ժամային աշխատավարձի տարբերությունն արձանագրվել է արդյունաբերությունում և կազմել 30.6 տոկոս: Ծառայությունների ոլորտում նշված ցուցանիշը 14,1 տոկոս է, գյուղատնտեսությունում՝ 9,3 տոկոս։ Շինարարության ոլորտում գենդերային աշխատավարձի ճշտված տարբերությունը բացասական է և կազմում է -4,6 տոկոս, ինչը նշանակում է, որ տղամարդկանց միջին ժամային աշխատավարձը ցածր է կանանց միջին ժամային աշխատավարձից:

Ըստ զբաղեցրած պաշտոնների՝ ժամային գենդերային աշխատավարձի ամենամեծ ճշտված տարբերությունը դիտվել է արհեստավորների և հարակից աշխատողների պաշտոններում և կազմել է 46.4 տոկոս, որին հաջորդում են ղեկավար պաշտոնները՝ 40.4 տոկոս և այլն: