Վրաստանում ուռուցքը մահվան հիմնական պատճառներից է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն, 2022 թվականին Վրաստանում մահացել է 49 հազար118 մարդ` 10 հազար 788-ով (18 տոկոսով) պակաս 2021 թվականի տվյալներից։

Geostat-ի փոխանցմամբ՝ մահացության պատճառների թվում գերակշռում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ 35,9 տոկոս և ուռուցքները՝ 9,2 տոկոս:

Նույն վիճակագրության համաձայն, մահացածների թվի տոկոսային բաշխումն ըստ մահացության հիմնական պատճառների` տարիքային տարբեր խմբերի համար տարբեր է։

«Մինչև 5 տարեկան մահացած երեխաների մոտ գերակշռում են պերինատալ շրջանում ծագող խանգարումները։ 5-39 տարեկանում գերակշռում են վնասվածքները, թունավորումները և արտաքին պատճառների տարբեր հետևանքները, քանի որ նշված տարիքային խմբի համար դժբախտ պատահարների հավանականությունը համեմատաբար մեծ է:

2022 թվականին 40 և ավելի բարձր տարիքի բնակչության մահացության պատճառների թվում գերիշխում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները և ուռուցքները»,- նշված է վիճակագրության մեջ: