Հայազգի պատգամավորները ելույթի իրավունքից չեն օգտվել

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) գնահատել է Վրաստանի խորհրդարանի 2022 թվականի գործունեությունը:

Ըստ TI-ի՝ 2022 թվականին խորհրդարանում ելույթի իրավունքից չի օգտվել 18 պատգամավոր, նրանց թվում՝ խորհրդարանի հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը:

ՀԿ-ի տվյալներով՝ նրանցից 10-ը խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներ են.

  • Էլգուջա Գոցիրիձե,
  • Իսկո Դասենի,
  • Սումբատ Կյուրեղյան,
  • Լևան Կոբիաշվիլի,
  • Սամվել Մանուկյան,
  • Գոգի Մեշվելիանի,
  • Դիմիտրի Սամխարաձե,
  • Գոդերձի Չանքսելիանի,
  • Վասիլ Չիգոգիձե,
  • Վիքտոր Ջափարիձե:

8-ն՝ ընդդիմության ներկայացուցիչներ են.

  • Գրիգոլ Վաշաձե,
  • Աբդուլլահ Իսմայիլով,
  • Մանուչար Կվիրկվելիա,
  • Կոբա Նակղոփիա,
  • Ռամազ Նիկոլաիշվիլի,
  • Բաչուկի Քարդավա,
  • Ցեզար Չոչելի,
  • Դիլար Խաբուլիանի:

Կազմակերպության տվյալներով, խորհրդարանի 84 պատգամավորի համար արտերկիր գործուղումների համար ծախսվել է 1 մլն 739 հազար 782 լարի 93 թեթրի։ Իսկ խորհրդարանի 25 անդամի` կարգապահական պատասխանատվության հիմքով, աշխատավարձից կրճատվել է, ընդհանուր առմամբ, 68 հազար 704 լարի 69 թեթրի։

TI-ն դրական է գնահատել հետևյալ օրենքների ընդունումը.

  • գենդերային ազդեցության գնահատման ինստիտուցիոնալացում,
  • ընտանեկան բռնության զոհերի համար ապաստանի նոր կանոնի ներդրում:

Դրական օրենսդրական փոփոխություններ, որոնք, ըստ ՀԿ-ի, բարելավման կարիք ունեն.

  • հակակոռուպցիոն բյուրոյի ստեղծում,
  • ընտրական օրենսգրքի փոփոխություններ,
  • խորհրդարանական վերահսկողության բարելավում։

Բացասական են գնահատվել օրենսդրական հետևյալ փոփոխությունները.

  • թաքնված քննչական գործողություններում մարդու իրավունքների մակարդակի վատթարացում,
  • ատելության խոսքի իրավական կարգավորում։