Երեկվա օրը համառոտ. փետրվարի 14

Փետրվարի 14-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 458 093-ի: Մեկ օրում արձանագրվել է  4 028 նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 41,58%:

Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի՝ վերջին 24 ժամում հայտնաբերված 4 028 դեպքը չի արտացոլում իրական պատկերը, քանի որ օրական դրական ցուցանիշը կազմել է ավելի քան 40% և ավել: Միաժամանակ, Ամիրան Գամկղրելիձեն նշել է, որ տեխնիկական պատճառներով՝ երեկ համակարգում չեն ներբեռնվել բոլոր թեստերի պատասխանները:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքով՝ կորոնավիրուսի «օմիկրոնի» մի տարբերակից բուժվելուց հետո «օմիկրոնի» մեկ այլ տարբերակով վարակվելու հավանականությունը բավականին մեծ է։ Իմնաձեի խոսքով, թեև վիրուսի հերթական ալիքի գագաթնակետը հավանաբար արդեն անցել է, բայց դրա զարգանալու վտանգը դեռ կա։ Իմնաձեն կոչ է արել լինել զգույշ և պատվաստվել։

Երեկ կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի արագ տարածման պայմաններում «կանաչ անձնագրի» գոյությունը կորցրել է իր իմաստը։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ չնայած պատվաստումներին, մարդիկ վարակվում են։ Վարչապետը որպես օրինակ իրեն է բերել, որ չնայած պատվաստված լինելուն, նախորդ շաբաթ վարակվել է «օմիկրոնով»։

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան շատ չանցած պարզաբանել է կառավարության ղեկավարի քննարկումների առիթ դարձած հայտարարությունը՝ նշելով, որ վարչապետի հայտարարությունն այն մասին էր, որ «կանաչ անձնագրի» կիրառումը «օմիկրոնի» պայմաններում գործնականում կորցնում է իր իմաստը։ Ինչպես Գաբունիան է ասել, «օմիկրոնի» պայմաններում կորոնավիրուսից բուժվածի կարգավիճակը և պատվաստումը այլևս երաշխիք չեն, որ քաղաքացին չի վարակվի «օմիկրոնով»։

Երե կառավարության նիստից առաջ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացնելով սոցիալապես անապահով ընտանիքների զբաղվածության ծրագիրը հայտարարել է, որ այն կմեկնարկի մարտի 1-ից։ Վարչապետի խոսքով՝ թիրախային խմբերի համար կստեղծվեն հասարակական աշխատանքներ, որոնք կարող է կատարել ցանկացած որակավորված անձ։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանում սոցիալապես անապահով 600 հազար քաղաքացիներից ավելի քան 200 հազարն աշխատունակ են: Վարչապետը հավելել է, որ սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին կառաջարկվի այնպիսի աշխատանք, որի դիմաց վերջիններս ամսական 300 և ավել լարի աշխատավարձ կստանան։ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ նշված աշխատանքը չի հանգեցնի սոցիալական աջակցության դադարեցման, և որ սոցիալական աջակցություն ստացող ընտանիքը առաջիկա 4 տարիներին կշարունակի ստանալ և սոցիալական նպաստը, և 300 լարիի չափով աշխատավարձը։

Երեկ՝ փետրվարի 14-ին կառավարության նիստից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նաև հայտարարել է, որ գործադիրը 500 միլիոն դոլար արժողությամբ նոր ծրագիր է սկսելու շինարարության ոլորտը խրախուսելու համար։ Ինչպես Ղարկբաշվիլին է հայտարարել, այս ծրագրի շրջանակներում կառավարությունը միաժամանակ կլինի նոր անշարժ գույքի շինարարության պատվիրատուն և միևնույն ժամանակ վարկերի երաշխավորը։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ այս կերպ կառավարությունը կարճ ժամանակահատվածում 4-5 տարվա գործը կանի մեկ տարում։

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում դիմավորել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ-ը։ Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան շրջայց են կատարել Բագրատաշենի անցակետի տարածքում, ծանոթացել սահմանահատման գործընթացի պատշաճ կազմակերպման և սպասարկման պայմաններին:

Վրացական ազգային արժույթը՝ լարին, եվրոյի և դոլարի նկատմամբ արժեզրկվել է։ Փետրվարի 14-ի պաշտոնական փոխարժեքով, որն ուժի մեջ կլինի փետրվարի 15-ին, ազգային տարադրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1,81 թեթրիով։ Ըստ այդմ, պաշտոնական փոխարժեքով այսօր 1 ԱՄՆ դոլարը կարժենա 2,9687 լարի։

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանում արտահանումը հունվարին տարեկան կտրվածքով աճել է 47,6%-ով և կազմել 331,3 մլն ԱՄՆ դոլար։ Ըստ տվյալների՝ 2022 թվականի հունվարին ներմուծումը տարեկան կտրվածքով աճել է 38,5%-ով և կազմել 778,1 մլն դոլար։

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ 2019-2021 թվականների տվյալներով՝ անգամ համավարակի պայմաններում ավելացել է Վրաստան ներկրվող թեթև մեքենաների թիվը.

  • 2019 — 56,325 մեքենա
  • 2020 — 61,141 մեքենա
  • 2021 — 76 956 մեքենա:

Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո մեկնարկել է Տեառնընդառաջի նախատոնակը, որը բովանդակում է Մարիամ Աստվածածնի կողմից 40-օրյա Հիսուսին Տաճարին ընծայելու խորհուրդը: Հաղորդում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը։ Տյառնընդառաջը (Տրնդեզը) ժողովրդի սիրած տոներից է, որը նշում են նորապսակ զավակներ ունեցող ընտանիքներում:

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով՝ նրա տեսակցության իրավունքը սահմանափակվել է, և ընտանիքի անդամներին թույլ կտան իրեն տեսակցել ամիսը միայն մեկ անգամ։ Ըստ Սաակաշվիլիի՝ սա ուկրաինական դատախազության կողմից Սաակաշվիին տուժող ճանաչելուց հետո՝ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի կողմից իրավիճակը սրելու փորձ է։

Չնայած հարևան երկրների, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու Թուրքիայի քաղաքականությանը, թուրք հանրության զգալի մասը գլխավոր սպառնալիք է համարում այն ​​երկրները, որոնց հետ Անկարան երկխոսության ուղիներ է փնտրում։ Հարցման համաձայն՝ Թուրքիայի ամենաբարեկամ երկրներն են նախ Ադրբեջանը, որին հաջորդում են Հյուսիսային Կիպրոսը և Վրաստանը։

Վրաստանում փետրվարի 13-ին տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժից (22:25) հետո ցնցումները կրկնվել են 6 անգամ։ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի վերջնական տվյալներով՝ հետցնցումների ուժգնությունը տատանվել է 3,1-ից 4,5 մագնիտուդի սահմաններում:

Հաճախակի արձանագրվող երկրաշարժերը մեր տարածաշրջանի համար լուրջ վտանգ են հանդիսանում, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշել է սեյսմոլոգ Լաշա Սուխիշվիլին՝ անդրադառնալով Սամեբա գյուղի մոտակայքում վերջին շրջանում հաճախ գրանցվող երկրաշարժերին։ Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում հերթական երկրաշարժն է արձանագրվել բավականին ուժգին՝ 6,52 մագնիտուդ հզորությամբ։ Ավելի ուշ, ողջ գիշերվա ընթացքում ակտիվ սեյսմիկ գոտի համարվող այս տարածքում 6 հետցնցում է եղել, այդ թվում Դմանիսիի շրջանի գյուղ Սամեբայում, որը ևս գտնվում է ՀՀ սահմանին:

Փետրվարի 13-ի երեկոյան տեղի ունեցած ուժգին երկրաշարժի արդյունքում վնասվել է նաև Մառնեուլիի շրջանի Աղքյորփի գյուղի դպրոցն ու մի քանի տուն։

Փետրվարի 14-ին, Թբիլիսիի ժամանակով 18:13-ին Սամեբայի մոտակայքում՝ կրկին երկրաշարժ է արձանագրվել։ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.2 մագնիտուդ։

Եվ վերջում՝ ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության, Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի կայունացում։ Փետրվարի 4-17-ը արևմտյան Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ արևելյան Վրաստանի որոշ շրջաններում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ։