Վրաստանյան Նոր տարին ու կորոնավիրուսը. սահմանափակումներ ու արտոնություններ

Վրաստանի կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցերով կառավարության գլխավորած միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ դեկտեմբերի 24-ին գործող սահմանափակումները կմեղմացվեն, սակայն դրանցից որոշները կշարունակեն ուժի մեջ մնալ:

Առանձնացրել ենք սահմանափակումներն ըստ ոլորտների. դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը ներառյալ՝

  • Ուժի մեջ է մնում հանրային տրանսպորտի գործունեության սահմանափակումը Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում, Բաթումիում, Գորիում, Զուգդիդիում, Փոթիում ու Թելավիում: Ամանորյա տոներին տրանսպորտ չի լինի՝
  • Ուժի մեջ կմնա նաև միջքաղաքային տրանսպորտի գործունեության սահմանափակումը ողջ երկրի մասշտաբով: Կշարունակի թույլատրելի մնալ անձնական մեքենաներով ու տաքսիներով տեղաշարժը։
  • Շուկաները չեն բացվի: Ագրարային շուկաները կշարունակեն գործել պահպանելով բոլոր կարգավորումները։
  • Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը  ներառյալ վերոնշյալ քաղաքներում կվերսկսեն գործունեությունը առևտրի կենտրոնները՝ պահպանելով բոլոր կարգավորումները։

Կառավարության տեղեկությամբ՝ կան նաև լրացուցիչ սահմանափակումներ, որոնց հետ կապված հանդիպումներ կանցկացվեն բիզնեսի ներկայացուցիչների հետ: Այսպիսով՝

  • Խանութների աշխատանքային ժամ կսահմանվի առավոտյան 07:00-ից 19:00-ը,
  • Սպառողների այցն ու մուտքը, ինչպես նաև հերթը առևտրի կենտրոններում խստիվ կվերահսկվի,
  • Խանութի ամեն 20 քառ/մ-ում կգտնվի 1 հաճախորդ,
  • Հերթերի կառավարում կլինի ինչպես խանութների դրսի, այնպես էլ ներսի հատվածներում,
  • Զեղչերը կհայտարարվեն առավոտյան ժամերին, կամ  առցանց վաճառքների դեպքում,
  • Չեն աշխատի հագուստի խանութների հանդերձարանները,
  • Հագուստի խանութները պետք է թույլ տան հաճախորդներին վերադարձնել ձեռք բերված ապրանքը՝ մեկ ամվա ընթացքում, ու սա պետք է տեղի ունենա փետրվարի մեկից սկսած,
  • Առևտրի կենտրոններում արգելվում է սննդի կետերի գործունեությունը, այդ թվում՝ «տուն տանելու» ծառայությունից օգտվելը,
  • Բոլոր տարածքներում խանութների մուտքի մոտ խստիվ կպահպանվի սոցիալական հեռավորությունը, դիմակ կրելու կանոնակարգը։

Կառավարության հայտարարությամբ՝ նշվածի համար ամբողջովին պատասխանատու է առևտրի կենտրոնների ղեկավարությունը, կանոնակարգը չպահպանելու դեպքում կկիրառվեն համապատասխան միջոցներ՝ տուգանք, կենտրոնների փակում:

Այսօրվա դրությամբ՝ դահուկային հանգստավայրերից բացի ողջ երկրում շարունակում են գործել հյուրանոցները, հյուրանոցների ռեստորանները՝ միայն հյուրանոցների հաճախորդների համար: Արգելվում է հյուրանոցներում որևէ տեսակի մշակութային միջոցառումներ կազմակերպելը:

  • Հյուրանոցների ռեստորանները կաշխատեն միայն մինչև ժամը 21:00-ն, իսկ 21:00-ից հետո թույլատրելի կլինի միայն հյուրանոցային համարներում ծառայության գործունեությունը,
  • Ռեստորաններն ու սննդի օբյեկտները երկրի մասշտաբով շարունակում են գործել միայն Take away և առաքման ծառայություններով։

Միաժամանակ, ուժի մեջ է մնում տեղաշարժի սահմանափակումը երկրի ողջ մասշտաբով ժամը 21:00-ից մինչև 05:00-ն, ինչպես հետիոտների, այնպես էլ մեքենաների համար: Բացառություն կլինի ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը, ինչպես նաև Սուրբ ծննդի՝ հունվարի 6-ի լույս հունվարի 7 -ի գիշերը:

Չնայած նշված բացառությանը՝ կառավարությունը բնակչությանը կոչ է անում տոները նշել տանը, նեղ շրջանակներում:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանը երկարաձգել է կառավարության իրավունքը՝ առանց արտակարգ դրություն սահմանելու սահմանափակումներ մտցնել: Այս արտոնությունը կառավարությունը կունենա ևս 6 ամիս:

Հիշեցնենք՝ սահմանափակումներին չհետևելու դեպքում շարունակում են ուժի մեջ մնալ տուգանքները՝ դիմակ չկրելու համար 20 լարիի, այլ սահմանափակումներին չհետևելու համար՝ 2000 լարիի չափով:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։