WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ձերբակալվել է

«Ինտերֆաքսը», հղում անելով Սքոթլենդ-Յարդին, հաղորդում է, որ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ձերբակալվել է WikiLeaks-ի հիմնադիր  Ջուլիան Ասանժը: 

Ոստիկանությունը հայտարարում է, որ Էկվադորի իշխանությունները Ասանժին դիվանագիտական ապաստանից զրկելու որոշում են կայացրել: Բացատրում են, որ որոշման պատճառն Ասանժի կողմից միջազգային կոնվենցիաների ու  դիվանագիտական կարգի խախտումն է: Այս մասին թվիթերյան իր էջում գրառում էր արել նաև Էկվադորի նախագահը: Այն, որ Ասանժը պետք է լքի դեսպանատունը, նախագահը հայտնել էր դեռ նախորդ տարի, բայց կոնկրետ ժամկետներ չէր նշել: Միաժամանակ՝ նա բազմիցս նշել է, որ չի արտահանձնի Ասանժին՝ մի երկիր, ուր դեռևս չի վերացել մահապատիժը:

Ասանժն Էկվադորի դեսպանատնից դուրս չէր եկել 2012 թվականից, քաղաքական ապաստան ստանալով՝    բռնաբարություն կատարելու մեջ մեղադրվելուց հետո։ Ասանժը չէր ընդունում մեղադրանքը՝ նշելով, որ այդ գործն իրեն ձերբակալելու և ԱՄՆ-ին արտահանձնելու համար է բացվել:

7 տարվա ընթացքում Ասանժը հասցրել է սրել հարաբերությունները Էկվադորի դեսպանատան աշխատակիցների հետ: Նրան արգելել էին օգտվել համացանցից, այցելուներ ընդունել: Ասանժին մեղադրում էին Կիտո-Լոնդոն հարաբերությունները վտանգելու մեջ:

ԱՄՆ-ն Ասանժի նկատմամբ  հետաքննություն էր սկսել 2010-ին, երբ Wikileaks-ը Աֆղանական պատերազմի մասին հազարավոր գաղտնի նյութեր հրապարակեց:

Ասանժը նախնական կալանքի տակ է Լոնդոնի կենտրոնում: Շուտով նա դատարանի առջև կկանգնի: