Տաքսիստները բողոքի ակցիա կանեն Իվանիշվիլիի առանձնատան մոտ

Մայրաքաղաքի տաքսիստները պատրաստվում են հերթական մեծամասշտաբ ակցիային: Այն սկսվելու է ագրարային համալսարանից և կավարտվի իշխող Վրացական երազանք կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի առանձնատան դիմաց: 
Հազարավոր տաքսիստներ բողոքում են տաքսիների բարեփոխումներից ու քաղաքապետ Կախա Կալաձեից պահանջում չեղյալ հայտարարել մեքենաները ներկելու որոշումը (ներկելն, ըստ վարորդների, ազդում է մեքենայի արժեքի վրա) ու հետ վերադարձնել նախկին կայանատեղիները:
Քաղաքապետարանը չի պատրաստվում չեղարկել որոշումը, սակայն այլընտրանք է առաջարկել: Այն վարորդները ովքեր չեն ուզում սպիտակ ներկել մեքենան, կարող են դրանք պատել սպիտակ ինքնասոսնձվող պաստառներով:

Հիշեցնենք՝ քաղաքապետ Կախա Կալաձեի որոշմամբ Թբիլիսիում արգելվել է  շահագործել աջ ղեկով, պարտադիր գրանցում չանցած ու ոչ սպիտակ մեքենաները: Այսօրվա դրությամբ գրանցում է անցել մոտ 27 հազար տաքսի: Գրանցման ծառայությունը վճարովի է, փոխարենը քաղաքապետարանը նվիրում է տաքսու նշան, մեքենան սպիտակ ներկելու վաուչեր,  անվճար տրամադրում է կայանատեղի, հնարավորություն տալիս մեքենայի վրա գովազդ տեղադրել ու գումար  վաստակել:

Այս որոշումից դժգոհ վարորդներն արդեն մի քանի անգամ ակցիաներ են անցկացրել, օրեր առաջ քաղաքի կետրոնում հերթական ակցիան միջադեպերով էր ուղեկցվել:

Վարորդների կարծիքով՝ այս փոփոխությունների հիմքում տաքսի ոլորտում մենաշնորհ ստանալու՝ կառավարության ցանկությունն է: