Խաբեիշվիլին ռեզերվային ցուցակից հանել է Մելիայի կողմնակիցներին

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին Բաթումիի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) կուսակցական ռեզերվային ցուցակից հանել է չորս քաղաքական գործչի անուն։

Բաթումիի ՄԱՇ կուսակցության անդամներից մի քանիսի կարծիքով, ՄԱՇ-ի ներկայիս նախագահն այս որոշումը կայացրել է, քանի որ այդ չորս քաղաքական գործիչները ՄԱՇ-ի նախկին առաջնորդ Նիկա Մելիայի կողմնակիցներն են։

Խաբեիշվիլիի որոշումից դժգոհ քաղաքական գործիչները պահանջում են ՄԱՇ-ի նախագահի հրաժարականը։ ՄԱՇ անդամների մի մասն այս խնդրի առնչությամբ Բաթումիում ճեպազրույց է անցկացրել։

Կուսակցության անդամները հրապարակել են Լևան Խաբեիշվիլիի նամակը և Բաթումիի շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահի որոշման պատճենը, ըստ որի՝ բավարարվել է ՄԱՇ նախագահի խնդրանքը, և ցուցակից հանվել են Լևան Գորգիլաձեի, Ռոին Դվալիի, Էլիզա Էփաձեի և Շորենա Աբաշիձեի անունները:

ՄԱՇ-ի տարածքային քարտուղար Գիորգի Բոտկովելին ռեզերվային ցուցակից քաղաքական գործիչների անունների հեռացումը «նորմալ ընթացակարգ» է գնահատել:

Ի դեպ, Խաբեիշվիլիի և նրա համախոհների պահանջով` 2023 թվականի հունվարին տեղի ունեցան ՄԱՇ կուսակցության նախագահի ընտրություններ, և ՄԱՇ-ի այդ ժամանակվա նախագահ Մելիան պարտություն կրեց։ Այդ օրվանից սկսած` մի շարք քաղաքական գործիչներ լքեցին կուսակցության քաղխորհրդի շարքերը։