Խաղաղ հարևանության նախաձեռնությունը՝ Ղարիբաշվիլի-Միրզոյան հանդիպման օրակարգում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի գրասենյակը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկված հիմնական հարցը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Թբիլիսիում կայացած հանդիպումն էր։ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ կարևոր է ապագայում զարգացնել երկխոսության դրական դինամիկա։

«Հանդիպմանը քննարկվել է խաղաղ հարևանության նախաձեռնությունը և ընդգծվել դրա դերը տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման գործում։

Նաև ուշադրություն է դարձվել Վրաստանի և Հայաստանի միջև առկա և ապագա համագործակցության հեռանկարներին, այդ թվում՝ տնտեսական և երկկողմ առևտրային հարաբերությունների ուղղությամբ»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։ Վարչապետը և ՀՀ ԱԳ նախարարը, խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, նշել են, որ կարևոր է համատեղ ջանքեր գործադրել մարտահրավերներին դիմակայելու համար։

Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Հայաստանի ցուցաբերած ամուր աջակցության համար։

Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը և Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին։