Խցանումների պատճառներն ըստ մասնագետի

Տրանսպորտի հարցերով փորձագետ Մևլուդ Մելաձեն խոսել է մայրաքաղաք Թբիլիսիում տրանսպորտային միջոցների պատճառով ստեղծված կոլապսի մասին և ասել, որ նոր ավտոբուսներն ու ճանապարհային գոտիները շատ լավն են, բայց կան մի շարք խնդիրներ, որոնք պետք է շտկվեն:

Մելաձեն նշել է, որ առաջինը կայանման խնդիրն է. մեքենաները կանգ առնելու տեղ չունեն, անկանոն ցրված են, և դա խցանումների հիմնական պատճառներից է:

«Այստեղ խոսքը ինչպես ստորգետնյա, այնպես էլ վերգետնյա ավտոկայանատեղիների մասին է, նաև` գծանշված կայանատեղիների»,- ասել է Մելաձեն:

Նրա խոսքով, լուսացույցների ավելացմամբ երթևեկության վիճակը չի բարելավվի։ Ըստ Մելաձեի, լուսացույցների առատությունը նույնպես կարող է խցանումներ առաջացնել։