Նոր սկանդալ․ TBC բանկի հիմնադիրը հեռանում է բանկից

TBC բանկի հիմնադիր և խորհրդի ղեկավար Մամուկա Խազարաձեն հայտարարություն է տարածել այն մասին, որ ինքը հեռանում է բանկից: Հայտարարության հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.

«Ընկերներ, իմ և TBC թիմի երկրպագուներ

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել 27 տարվա ընկերության, աջակցության և միասին արված աշխատանքի համար: Կյանքում գալիս է մի փուլ, երբ կարևոր որոշումներ ես ընդունում: Ես նման շատ պահեր եմ ունեցել և հիմա էլ նույն իրավիճակն է:

Չեմ կրկնվի, թե ինչպիսի հարձակումների է ենթարկվում մեր թիմը` բանկը, որի հետևանքով մեր միջազգային բաժնետերերը մեկ ամսում 200 միլիոն լարիի վնաս են կրել, հետևաբար, նաև մեր երկիրն է լրջորեն տուժել: Առանց որևէ հետաքննության և դատարանի որոշման մեր հեղինակությանը լուրջ վնաս են հասցրել` գումարների լվացման անհեթեթ գործում կապ ունենալու համար, որի բացակայությունը հաստատվել է միջազգային մակարդակով:

Ցավոք, որևէ պետական պաշտոնյա, ներառյալ վարչապետն ու նախարարները, ցանկություն չեն հայտնել` հանդիպել և անձամբ հետաքրքրվել այս կարևորագույն գործով, չնայած նրանցից մի քանիսին անձամբ եմ գրել և համապատասխան փաստաթղթեր ուղարկել ծանոթանալու համար: Պատասխան ոչ մեկից չեմ ստացել: Փոխարենը նրանց շատերի մեկնաբանություններն եմ լսել հանրային տարածքում:

Հասկացա, որ նպատակն ինձ վարկաբեկելն էր: Հասկացա նաև, որ այստեղ` մեր երկրում, պայքարում են հաջողության դեմ, հասկացա, որ կազմակերպության աճը Վրաստանում լիմիտ պետք է ունենա: Ինձ վրա նման հարձակումներն անդրադառնում են նաև բանկի հեղինակության վրա:

Իսկ բանկը չի կարող երկարաժամկետ իրավական վեճի մեջ լինել, հատկապես, երբ ազատ որոշումներ չեն կայացվում։

Այսօր Լոնդոնում բանկի խորհուրդը որոշում է կայացրել Կենտրոնական բանկի հետ իրավական վեճը դադարեցնելու վերաբերյալ, միայն և միայն բանկի, իր բաժնետերերի և վարկառուների շահերից ելնելով:

Հետևաբար, որոշում եմ կայացրել` հեռանալ բանկից, որտեղ անց եմ կացրել կյանքիս 27 տարիները: Բանկից, որը 500 դոլարով թիմի հետ միասին դարձրել եմ տարածաշրջանի խոշորագույն խաղացողներից մեկը:

Հույս ունեմ, այս որոշումը դրական կանդրադառնա բանկի հետագա կայունությանն ու խաղաղ միջավայրի զարգացմանը։ Իմ ամբողջ էներգիան կներդնեմ մեր երկրի համար կարևորագույն` Անակլիայի ծրագրի իրագործման մեջ: Հույս ունեմ կկարողանամ գործը ավարտին հասցնել:

Ինչպես խոստացել էի հասարակությանն ու խորհրդարանին, երեքշաբթի կլինեմ նիստին, որպեսզի խաղաղ քննարկեմ և ծանոթացնեմ գործի մանրամասներին հասարակությանն ու պատգամավորներին: Միևնույն ժամանակ, կշարունակեմ պաշտպանել իմ իրավունքները օրինական ճանապարհով, որպես անհատ, Վրաստանում և արտասահմանում»,- ասվում է Խազարաձեի կողմից տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ Վրաստանի կենտրոնական բանկն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որտեղ պահանջում էր պաշտոնից հեռացնել բանկի խորհրդի ղեկավարին և տեղակալին: Գործը վերաբերում է 2008 թվականին տրված վարկին: ԿԲ-ն գտնում է, որ վարկը տրվել է խախտումներով ու շահերի բախման խնդիր կա: