Պահանջում են օրենսդրությունից հանել խորհրդային տերմինները

Լուսանկարը՝ Radio Tavisupleba-ի

Մի խումբ ուսանողներ դիմել են Սահմանադրական դատարան՝ պահանջելով Վրաստանի օրենսդրությունից հանել խորհրդային տերմինները։ Փոխանցում է Radio Tavisupleba-ն։

Նշենք, որ գործող օրենսդրության մեջ «Խորհրդային Միություն» տերմինի առկայությունը հայտնաբերել են Տեխնիկական համալսարանի իրավագիտության չորրորդ կուրսի ուսանողները։

«Այսօր՝ 2022 թվականին, երբ ապրում ենք անկախ Վրաստանում, իհարկե, վատ է, երբ օրենքներում խորհրդային տերմինաբանություն ենք գտնում»,- ասել է ուսանողուհի Նանա Մամալաձեն։

Ուսանողուհին նշել է, որ «հիմա Ուկրաինայում պատերազմ է, Վրաստանը փորձում է աջակցել Ուկրաինային, Վրաստանը հավակնում է անդամակցել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը, և միևնույն ժամանակ գործող օրենսգրքում գրված է «Խորհրդային Միություն»:

Ուսանողներ Նոնա Քենքաձեն, Եկատերինե Դադիանին, Լիանա Սաակովան և Նանա Մամալաձեն պրոֆեսոր Կախա Ձագանիայի հետ միասին հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով Վրաստանի օրենսդրությունը ազատել այնպիսի տերմիններից, ինչպիսիք են՝ «Խորհրդային Վրաստան», «Ինքնավար Խորհրդային Աբխազիա», «Ինքնավար Խորհրդային Հարավային Օսիա» և այլն։

Հայցվորները խնդրում են Սահմանադրական դատարանին իրենց հայցը կիսելու դեպքում խորհրդարանին հանձնարարել ամբողջությամբ ուսումնասիրել Վրաստանի օրենսդրությունը և օրենքներից հանել խորհրդային մնացած տերմինները։