Սաակաշվիլիին արտերկիր տեղափոխելը ոչ ադեկվատ է. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտերկիր տեղափոխության մասին խոսելը ոչ ադեկվատ է։

Ղարիբաշվիլին նաև անդրադարձել է ՄԱՇ-ի առաջնորդ Նիկա Մելիայի հայտարարությանը, ըստ որի Միխեիլ Սաակաշվիլիի անօրինական կալանավորումը և Բիձինա Իվանիշվիլիի դեմ ընթացող դատավարությունը չպետք է առանձին դիտարկել, և ասել է.

«Ինձ իսկապես չեն հետաքրքրում սնանկացած, ձախողված քաղաքական գործիչների հայտարարությունները։ Մի բան գիտեմ, որ այս երկրում բոլորը պետք է ենթարկվեն օրենքին: Նրանք, ովքեր համարձակվել են իրենց օրենքից վեր դասել, բոլորին նայեք, թե ինչ տեղ ենք տվել նրանց, այդ թվում՝ պարոն Մելիային ու բանտարկյալ Սաակաշվիլիին։

Օրենքը խախտող բոլոր քաղաքացիները կպատժվեն օրենքին համապատասխան»։

Ղարիբաշվիլին նշել է, որ մյուս շահարկումներն իրեն չեն հետաքրքրում։

Նշենք, որ Սաակաշվիլիին՝ առողջական վիճակի վատթարացումից հետո երեկ՝ մայիսի 12-ին Ռուսթավիի բանտից տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա։

Սաակաշվիլիի ընտանիքը և փաստաբանները պահանջել են, որ Սաակաշվիլին տեղափոխվի արտերկիր բուժման նպատակով, քանի որ, ըստ նրանց՝ Վրաստանում «անհնար է» կառավարել երրորդ նախագահի վիճակը։

Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեի կարծիքով էլ, Սաակաշվիլիին արտերկիր տեղափոխելու անհրաժեշտություն կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե պարզվի, որ Վրաստանում նրա բուժման համար անհրաժեշտ ռեսուրսներ չկան։

Կարդացեք նաև՝

Սաակաշվիլիին տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա