Կոռուպցիա, թափանցիկության ու պրոֆեսիոնալիզմի պակաս. Freedom House-ի զեկույցը

Freedom House-ը հրապարակել է «Համաշխարհային ազատություն 2019» զեկույցը, որտեղ խոսվում է նաև Վրաստանի մասին: Զեկույցի համաձայն, չնայած Վրաստանում իրականացված դատական բարեփոխումներին, դատական համակարգերում գործադիր և օրենսդիր իշխանությունների ներգրավվածությունը կարևոր խնդիր է:

Ըստ զեկույցի, Վրաստանում հիմնական խնդիրներից են կոռուպցիան, թափանցիկության և պրոֆեսիոնալիզմի պակասը: Զեկույցում խոսվում է 2018 թվականի օգոստոսին Նինո Գվենետեձեի` Գերագույն դատարանի ղեկավարի պաշտոնից հեռանալը: Ինչպես գրված է զեկույցում, պաշտոնական պատճառն առողջական խնդիրներն էին, սակայն մի խումբ փորձագետներ կարծում են, որ Գվենետաձեն հեռացել է ճնշումների հետևանքով:

Զեկույցում նաև խոսվում է 2018 թվականի նախագահական ընտրություններից հետո եղած իրավիճակի մասին, երբ ուժի մեջ մտավ նոր Սահմանադրությունը և փոխվեց նաև գերագույն դատարանի դատավորների նշանակման գործընթացը: Սակայն, հատկանշական է, որ այս կոնտեքստում խոսվում է նաև դեկտեմբերին Արդարադատության գերագույն խորհրդի կողմից ներկայացված Գերագույն դատարանի դատավորների ցուցակի մասին, որը, ըստ հասարակական սեկտորի, կազմվել է ոչ թափանցիկ և վատ համբավ ունեցող դատավորներից։