Խորհրդարանը հաստատել է 2022 թվականի պետական ​​բյուջեն

Վրաստանի խորհրդարանը հաստատել է 2022 թվականի պետական ​​բյուջեն։ Հիմնական ֆինանսական փաստաթուղթն ընդունվել է դեկտեմբերի 17-ի քվեարկությամբ՝ 78 կողմ ձայնով։ Դեմ է քվեարկել միայն 1 պատգամավոր:

Սահմանվել է, որ 2022 թվականի պետական ​​բյուջեն կկազմի 19,17 մլրդ լարի, ինչը բյուջեի նախագծի նախորդ տարբերակի համեմատ ավելացել է 332 մլն լարիով։

2022 թվականի պետական ​​բյուջեի եկամուտների ընդհանուր ծավալն աճել է 336,2 մլն լարիով և սահմանվել` 19,3 մլրդ լարի։

ՀՆԱ-ի մասով 2022 թվականին հարկային եկամուտները կկազմեն 24,0%, մինչդեռ միջնաժամկետում այն ​​պահպանվում է 23,8%-ի մակարդակում։ 

Ինչ վերաբերում է պետական ​​գերատեսչությունների ֆինանսավորման ծավալին, ապա. 

  • 10 մլն լարիով ավելացվել են օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության հատկացումները։
  • Կրթության և գիտության նախարարության ֆինանսավորումն ավելացվել է 25 մլն լարիով։ Ընդհանուր ֆինանսավորումը կազմում է մոտ 1,7 մլրդ լարի։ 
  • Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության ֆինանսավորումն ավելացվել է մեկ մլն լարիով։ Նախարարության ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 357,8 մլն լարի։ 
  • Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ֆինանսավորումն ավելացվել է 155 մլն լարիով։ Ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 932,4 մլն լարի։ 
  • Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության հատկացումները կավելանան 5 մլն լարիով։ Նախարարության ընդհանուր ֆինանսավորումը կկազմի 2,8 մլրդ լարի։ 
  • Արդարադատության նախարարության ֆինանսավորումն ավելացել է 15 մլն լարիով և ընդհանուր ֆինանսավորումը կկազմի 310,6 մլն լարի:
  • Պաշտպանության նախարարության հատկացումներն ավելացել են 40 մլն լարիով։ Նախարարության ընդհանուր ֆինանսավորումը կազմում է մեկ մլրդ լարի։ 
  • Գերագույն դատարանի հատկացումն ավելացել է 400,0 հազար լարիով (ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 14,4 մլն լարի)՝ աշխատանքի վարձատրությունն ամբողջությամբ ֆինանսավորելու համար։ 
  • Դատախազության հատկացումն ավելացվել է 2,6 մլն լարիով և ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 47,9 մլն լարի։ 
  • Պետական ​​պահպանության հատուկ ծառայության հատկացումն ավելացվել է 1,9 մլն լարիով և ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 67,2 մլն լարի։ 
  • Կառավարության վարչակազմի հատկացումն ավելացել է 2.0 մլն լարիով և ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 19.2 մլն լարի։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր