DRI-ը Ցխինվալիում պահվող անձանց անհապաղ վերադարձ է պահանջում

Այս տարվա օգոստոսից մինչև օրս շփման գիծը հատելու համար բերման է ենթարկվել Վրաստանի տասը քաղաքացի, որոնցից միայն երեքն են հետ վերադարձվել: Այս մասին ասվում է Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտի (DRI) հայտարարության մեջ:

Կազմակերպությունը նշում է, որ Ցխինվալիի դե ֆակտո Պետական անվտանգության կոմիտեի մամուլի ծառայության տվյալներով, նոյեմբերին «սահմանը» (շփման գիծը) անօրինական հատելու դեպքերը կտրուկ աճել են: Նշվում է, որ այս տարի արդեն, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է Վրաստանի 35 քաղաքացի, որոնցից 24-ը տուգանվել է «սահմանը անօրինական հատելու» համար, 7-ն՝ ազատ արձակվել առանց տուգանքի, իսկ մեկ անձի դեպքում վարչական վարույթը կասեցվել է։ 

«Ցխինվալիում, այսպես կոչված,   սահմանապահների ակտիվ սահմանային գործընթացին զուգահեռ հաճախակի են դարձել Վրաստանի քաղաքացիների՝ առանց իրավական հիմքերի «ապօրինի հատման» մեղադրանքով կալանավորումը, ինչի վերաբերյալ Վրաստանի իշխանությունները հստակ հրապարակային դիրքորոշում չունեն։ Փաստերը ցույց են տալիս, որ կառավարությունը չի կարողանում ապահովել շփման գծի երկայնքով ապրող բնակչության պաշտպանությունն ու անվտանգությունը»,- ասվում է Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտի (DRI) հայտարարության մեջ։

Ըստ Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտի, միջազգային մակարդակում տեղեկատվության պակասը և վրացական իշխանությունների պասիվությունը բերման ենթարկվածների համար վտանգ են ներկայացնում, քանի որ խախտվում են վերջիններիս հիմնարար իրավունքները, ինչպես նաև վտանգվում են  նրանց կյանքն ու առողջությունը։

Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտը կոչ է անում.

  • Վրաստանի իշխանությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն Ցխինվալիում պահվող Վրաստանի քաղաքացիների իրավական կարգավիճակը հստակեցնելու և հանրությանը համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար:
  • Միջազգային հանրությունը և Վրաստանի իշխանությունները պետք է օգտագործեն հնարավոր բոլոր լծակները՝ անհապաղ ազատ արձակելու Ցխինվալիում պահվող Վրաստանի քաղաքացիներին։ Անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել միջազգային հանրության հետ՝ վերը նշված խնդիրները արագ և արդյունավետ լուծելու համար։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր