Զուրաբիշվիլին ազգային համերաշխության և կայացած հանդիպման մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով Օրբելիանի պալատում հյուրընկալել էր քաղաքական ուժերի առաջնորդներին և ներկայացուցիչներին, իր ելույթում բացատրել է, թե ինչպես է պատկերացնում ազգային համերաշխության գործընթացը, որը մտադիր է առաջնորդել։

«Սա նախնական գործընթացն է, և ես ուզում եմ ասել, որ չունեմ նախապես մշակված վերջնական պլան, սա բաց գործընթաց է, որում պետք է ներգրավվի  յուրաքանչյուրը և այս գործընթացի առաջին փուլը պիտի լինի միմյանց լսելը»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Նա նշել է, որ գործընթացի նկատմամբ հնարավոր է թերահավատություն լինի, ինչը, սակայն, բնական է համարում։

«Առկա արձագանքներն ապացուցում են, որ այս հարցն ակտուալ է բոլորի համար, բայց բոլորը տարբեր ելքեր են տեսնում: Սակայն այն, որ հիմա հաշտեցման ժամանակն է, համաձայն է թե՛ հասարակությունը, թե՛ քաղաքական ուժերը», — նշել է նախագահը՝ հավելելով, որ գործընթացը պետք է լինի թափանցիկ և դրանում պետք է ներգրավվեն բոլորը:

«Մենք եկել ենք այն եզրահանգման, որ որքան էլ մեր դրսի գործընկերները հաշտեցման ջանքեր գործադրեն, միևնույն է, նրանք ամբողջապես չեն տիրապետում ներքին խմորումներին: Սա բարդ ու երկարատև գործընթաց է: Նրանք, ովքեր սպասում են արագ արդյունքի՝ իրատես չեն»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ կազմակերպված ամանորյա միջոցառմանը մասնակցել են քաղաքական ուժերի միայն մի մասի ներկայացուցիչները:

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր