Հենզել Մկոյանը վրեժ է լուծում. Նարինե Գինոսյանն՝ իր նկատմամբ հարուցված քր. գործի մասին

Նինոծմինդայի մանկապարտեզի ղեկավար Նարինե Գինոսյանը Հենզել Մկոյանին մեղադրում է իրեն սիրահետելու, սեռական բնույթի առաջարկներ անելու մեջ ու վստահ է, որ իր նկատմամբ քրեական գործ հարուցելու մեջ ևս պատգամավորի մատը խառն է: 

Նարինե Գինոսյանը 2000 թվականից ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել: Այս տարիների ընթացքում ղեկավարել է Նինոծմինդայի մանկապարտեզներից մեկը, նաև հասարակական հիմունքներով համարվել է բոլոր մանկապարտեզների մենեջերը:

Այժմ Նարինե Գինոսյանին և մանկապարտեզի հաշվապահ Անժելա Փութուլյանին մեղադրանք է առաջադրված՝ յուրացման ու շորթման հոդվածով: Հուլիսի 19-ին Ախալցիխեի քաղաքային դատարանը Նարինե Գինոսյանի համար՝ 5000, իսկ հաշվապահի համար՝ 3000 լարիի չափով գրավ նշանակելու որոշում է կայացրել:

Գինոսյանն ասում է, որ խնդիրներն սկսվել են մի քանի տարի առաջ: Մեկ տարի շարունակ շրջանի պատգամավոր Հենզել Մկոյանն իրեն առաջարկություններ էր անում:

«Իմ ընկերուհու միջոցով, քանի որ ես իր հետ կոնտակտ չունեի: Հետո սկսեց ինձ զանգել, խոստումներ էր տալիս, Ֆրանսիա գնանք, հինգ աստղանի հյուրանոցներ և այլն»:

Գինոսյանի խոսքերով՝ Եվրոպա գնալու, բնակարանը վերանորոգելու, մեքենա գնելու և ինտիմ առաջարկները քանի որ իրեն չեն գայթակղել, Մկոյանն անցել է սպառնալիքների ու սկսել վրեժ լուծել: Խոստացել է, որ կխանգարի իր գործունեությանը: Հանկարծակի աուդիտ է նշանակվում մանկապարտեզում, ստուգումների արդյունքում խախտումներ են արձանագրվում, մասնավորապես, որ մանկապարտեզի բյուջեն ոչ նպատակային է ծախսվում: Նա համոզված է, որ ինքն արդար է աշխատել, ոչ մի յուրացում չկա, պարզապես պարբերաբար իր աշխատակիցները ինչ-ինչ պատճառներով բացակայել են աշխատանքից, իսկ ինքն ու հաշվապահը փոխարինել են ու դրա դիմաց աշխատավարձ ստացել: Ասում է, որ դա օրենքի խախտում չէ, արվում է բոլոր տեղերում:

Նարինե Գինոսյանը նամակներ է ուղարկել Վրաստանի գլխավոր դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, նշել է, որ Հենզել Մկոյանը սպառնում ու հետապնդում է իրեն, բոլոր նամակներն անպատասխան են մնացել:

Գինոսյանի մեղադրանքներին ի պատասխան՝ հայտարարություն է տարածել պատգամավոր Հենզել Մկոյանը, որում տնօրենին մեղադրում է երկար տարիների ընթացքում մանկապարտեզի սնունդը յուրացնելու, աշխատանքային տրանսպորտային միջոցի համար հատկացված վառելիքն անձնական նպատակներով օգտագործելու ու այլ բնույթի կեղծարարությունների մեջ:

«…Նաև ուզում եմ տեղեկացնել հասարակությանը, որ տեղեկություն ունեմ «Ազգային շարժման» երկու ղեկավարի մասին, ովքեր արդեն հանդիպումներ են անցկացրել Գինոսյանի հետ և այս գործին քաղաքական երանգ տալու համար, նրան իմ դեմ կեղտոտ մեղադրանքների առաջադրում են խորհուրդ տվել։ Դիմում եմ այս կուսակցության առաջնորդներին. վերջացնեն իրենց կեղտոտ գործողություններում երեխաների գումարի սեփականացումն ու օգտագործումն իմ դեմ, հակառակ դեպքում, կհանրայնացնեմ այս ղեկավարների ազգերը և Նարինե Գինոսյանի հետ միասին, այս մարդկանց դեմ հայց կներկայացնեմ, իմ արժանիքներն ու պատիվը վիրավորող գործողությունների պատճառով», – ասված է հայտարարությունում։

Պատգամավորի  հետ կապվել չհաջողվեց, նա չի պատասխանում զանգերին ու նամակներին: