Խորհրդարանի խոսնակն ընդունել է Ուկրաինայի վարչապետին

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Կախա Կուճավան հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ: Այս մասին հայտնում են Խորհրդարանից:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Վրաստանի և Ուկրաինայի միջև բարեկամական ու ռազմավարական գործընկերությունը:

«Հանդիպմանը, որին մասնակցում էին խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության ներկայացուցիչները, ընդգծվեց երկու երկրների օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման, ինչպես նաև եռակողմ խորհրդարանական վեհաժողովի ձևաչափի ակտիվացման կարևորությունը:

Քննարկվել է ՆԱՏՕ-ի ինտեգրման գործընթացում արձանագրված առաջընթացը և նշվել, որ դաշինքին անդամակցությունը երկու երկրների արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական գերակայություններից մեկն է», — ասվում է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի վարչապետը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի նախագահին միջազգային ասպարեզում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար և հաստատել, որ Ուկրաինան շարունակելու է ակտիվորեն աջակցել Վրաստանի եվրաինտեգրմանը: Նշվել են հետհամաճարակային շրջանում տարբեր ոլորտներում հարաբերությունների ակտիվացման հնարավորություններն ու կարևորությունը, այդ թվում` տնտեսության վերականգնումը և զբոսաշրջությունը:

Ուկրաինայի վարչապետը Վրաստանի խորհրդարանի նախագահին հրավիրել է այցելել Ուկրաինա: