Խորհրդարանում քննարկվում է մի քանի պատգամավորների մանդատից զրկելու հարցը

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում քննարկվում է մի քանի պատգամավորների պատգամավորական մանդատից զրկելու հարցը։

Օրակարգում չորս պատգամավորների՝ Կախա Կուճավայի, Էլենե Խոշտարիայի, Շալվա Նաթելաշվիլիի և Բադրի Ջափարիձեի խորհրդարանական լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցն է։

Խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովի նախագահ Իրակլի Կադագիշվիլին տեղեկացրել է հանձնաժողովի եզրակացության մասին` ըստ որի՝ նրանց մանդատը պետք է դադարեցվի։

Նշենք, որ խորհրդարանի նախկին նախագահ Կախա Կուճավան ինքն է կայացրել խորհրդարանից հեռանալու որոշումը։ Մինչդեռ Էլենե Խոշտարիայի և Շալվա Նաթելաշվիլիին մանդատից զրկելու պատճառը բացակայություններն են։ «Լելո» կուսակցության առաջնորդ Բադրի Ջափարիձեի դեպքում էլ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի կայացրած վճիռն է։