«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն (ՀԿ) արձագանքել է ապրիլի 29-ին ոչ կառավարական կազմակերպությունների և հիմնադրամների ղեկավարների բնակարաններում կատարված խուզարկություններին և առգրավման գործողություններին։
Ըստ GYLA-ի՝ «հաշվի առնելով, որ մեկ ամսից ավելի է անցել հիմնադրամների դեմ հետաքննություն սկսելուց և նրանց հաշիվների վրա կալանք դնելուց, ապրիլի 29-ի առավոտյան խուզարկությունն ու առգրավումը «Վրացական երազանք»-ի ձեռնարկած ահաբեկության ևս մեկ դրսևորում է և չի կարող գնահատվել որպես ողջամիտ քննչական միջոց՝ նույնիսկ օբյեկտիվորեն ընթացող հետաքննության ենթադրությամբ»։
Իրավապաշտպան ՀԿ-ն ուշադրություն է հրավիրել մի շարք փաստերի վրա, այդ թվում՝ այն փաստի, որ փաստաբաններին լիարժեքորեն թույլատրված չէր մասնակցել խուզարկության գործընթացին, և որ դատարանի որոշումներում նշված չէին խուզարկության ընթացքում հայտնաբերվող կամ առգրավվող իրերի, առարկաների ցանկը։
Հիշեցնենք. ապրիլի 29-ի առավոտյան քննչական ծառայության աշխատակիցները մտել են հեռուստահաղորդավար և «Նանուկայի հիմնադրամ»-ի հիմնադիր Նանուկա Ժորժոլիանիի, ակտիվիստ Մարիամ Բաջելիձեի, «Մարդու իրավունքների կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Ալեկո Ցքիտիշվիլիի և «Միմյանց համար 24/7» հիմնադրամի հիմնադիր Գուգա Խելաիայի բնակարանները։
Ավելի ուշ դատախազության մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց, որից պարզ դարձավ, որ խուզարկությունը կատարվել է «սաբոտաժ» հոդվածով հարուցված քննության շրջանակներում։ Ըստ դատախազության հայտարարության՝ «այս հիմնադրամներն ու ոչ կառավարական կազմակերպությունները մասնակցել են հասարակական կարգի դեմ ուղղված ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց և նրանց ընտանիքի անդամների ֆինանսական ապահովմանը, նաև օրինախախտներին նշանակված վարչական տուգանքների վճարմանը»։
Ուշագրավ է նաև, որ «սաբոտաժ և թշնամական գործունեությանը օժանդակություն» որակմամբ հարուցված գործի շրջանակներում այս տարվա մարտի 17-ին, քննչական մարմնի պահանջով, առգրավվել են այն հիմնադրամների և կազմակերպությունների հաշիվները, որոնք վճարում էին եվրոպամետ հանրահավաքների մասնակիցների տուգանքներն ու կարիքները։ Գործը հարուցվել է փետրվարին՝ «Միացյալ չեզոք Վրաստան» շարժման վերաքննիչ բողոքի հիման վրա։
«Միացյալ չեզոք Վրաստան»-ը հիմնադրվել է 2024 թվականի հուլիսի 10-ին և կրկնում է իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի ուղերձները։
Համակարգված խուզարկությունները վախի սերմանման նպատակ ունեն. ՀԿ-ներ