Ե՞րբ կբացվեն դպրոցներն ու տրանսպորտը Վրաստանում. Վարչապետի բացատրությունը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անդրադարձել է երկրի բոլոր քաղաքներում տրանսպորտի գործունեության վերսկսման ու դպրոցների բացման մասին քննարկումներին: Ըստ նրա՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ստեղծված սահմանափակումները ժամանակից շուտ վերացնելու համար կա միայն մեկ պայման՝ դրական թեստերի քանակը մինչև 4 տոկոսի նվազումն է:

Շաբաթներ առաջ Վրաստանի առաջատար վարակաբաններն այս մասին խոսելիս նշում էին 5 տոկոսանոց շեմը, այնուհետև կառավարությունը հայտարարեց, որ մայրաքաղաքում ու այլ խոշոր քաղաքներում տրանսպորտի ու կրթական հաստատությունների գործունեությունը չի վերականգնվի մինչև փետրվարի մեկը:

Այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1 006 դեպք: Սա վարակի արտահայտման 6%-անոց ցուցանիշ է: Ըստ վարչապետի՝ չորս տոկոսանոց ցուցանիշ պետք է լինի յոթ օրվա ընթացքում:

Թբիլիսիում  սահմանափակումների վերացման պահանջով մշտական ցույցեր են սկսվել: Տարբեր հասարակական սեկտորների աշխատողներ հավաքվում են կառավարության շենքի մոտ ու ներկայացնում իրենց բողոքը: Հիմնական  պահանջն  է՝ վերականգնել տրանսպորտի ու կրթական հաստատությունների գործունեությունը: