ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին (ԺՀՄԻԳ) մտահոգում է այն օրենսդրությունը, որը սահմանափակում է քաղաքացիական հասարակության գործունեությունը և նպաստում խաղաղ ցուցարարների կալանավորմանն ու քրեական հետապնդմանը։
Ըստ հաղորդագրության` մտահոգիչ են նաև քաղաքական ընդդիմության առաջնորդների ձերբակալությունները։
«Մենք խոր մտահոգությամբ ենք հետևում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների վերջին ձերբակալություններին և դատավարություններին։ Մենք կոչ ենք անում իշխանություններին չեղարկել վերջերս ընդունված օրենսդրությունը, որը խոչընդոտում է քաղաքացիական հասարակության օրինական գործունեությունը։ Քաղաքացիական և քաղաքական իրավունքները ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքներից են»։ — ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ընդգծված մտահոգությամբ անդրադարձել է վերջին ամիսներին տասնյակ ցուցարարների ձերբակալություններին և արդար դատավարության չափանիշների բացակայությանը, որոնք վկայում են մարդու իրավունքների պաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վրա ճնշման աճի մասին։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նաև ափսոսանք է հայտնել «վրացական իշխանությունների կողմից տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկմանը գրասենյակին չհրավիրելու հայտարարված մտադրության համար, ինչը շեղում է վերջին երկու տասնամյակների ընթացքում հաստատված պրակտիկայից»։