Կրծանիսիի զինվորական բազայի հարձակման դեպքով նոր մանրամասներ

Վրաստանի պաշտպանության նախարարությունը Կրծանիսիի զինվորական բազայի վրա հարձակման հետ կապված հայտարարություն է տարածել:

Պարզվել է երեք հարձակվողներից մեկի ինքնությունը: Ըստ պաշտոնական վարկածի՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 3:30-ի շրջանում ուսուցման և ռազմական կրթության հրամանատարության աջակցության Կրծանիսիի կենտրոն ներխուժման փաստ է նկատվել: Մի քանի մարդ չի ենթարկվել պահակի բանավոր նախազգուշացմանը և հարձակվել են նրա վրա, ինչից հետո պահակը իրականացրել է կանոնադրությանը համապատասխան գործողություն և կանխել ներխուժումը: Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության աշխատակիցները հայտնաբերել են հարձակվողներից մեկի դին: Ավելի ուշ պարզվել է, որ նա Գիգա Շենգելիան է: Հետաքննությունը վարում է Ռազմական ոստիկանությունը` գլխավոր դատախազության հսկողության տակ: Քննություն է ընթանում  Վրաստանի ՔՕ-ի 116-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Սպանվածի ծանթոներն ու հարազատները չեն վստահում Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական վարկածին, ըստ որի՝ Զուգդիդիի 23-ամյա բնակիչ Գիգա Շենգելիան զինված է եղել և հարձակվել Կրծանիսիի զինբազայի վրա.

«Գիգան երբեք ոչ մի վատ բան չի արել, բոլորը սիրում էին նրան, այն ինչ հայտարարում է Նախարարությունը, սուտ է, Գիգան գրպանում նույնիսկ դանակ չի ունեցել երբեք, մենք չենք վստահում այս քննությանը և պատվիրելու ենք այլընտրանքային փորձաքննություն»,- Ռուսթավի 2-ի հետ հարզազրույցում ասել է սպանվածի բարեկամներից մեկը:

Միջադեպի դրդապատճառների մասին դեռևս չի հաղորդվում: Լրատվամիջոցների վարկածով՝ Գիգա Շենգելիան և նրա ևս երկու ընկերները ցանկացել են բազա մուտք գործել՝ այնտեղ ծառայող ընկերներին այցելելու նպատակով: Նախարարությունը, սակայն, միջադեպը որակել է որպես բազայի վրա հարձակում և հայտարարում է, որ պահակակետից կրակ է բացվել կանոնադրության սահմաններում:
Կրծանիսիի ուսումնական կենտրոնում ուժեղացված հսկողություն է, լրագրողներին արգելվել է մոտենալ տարածքին: Դեռևս պարզ չէ՝ ինչ կապ կարող էր ունենալ սպանվածը  Կրծանիսիի կենտրոնի հետ, հայտնի է, որ նա զինվորական ծառայություն չէր անցել, մի քանի տարի առաջ Կրծանիսիի զինվորական բազայում ծառայել է նրա եղբայրը:

Թողնել պատասխան