ԵՄ դեսպանատան մոտից հոմոֆոբ ցույցի 7 մասնակից է բերման ենթարկվել

Թբիլիսիում ԵՄ գրասենյակի մոտ հակաարևմտյան և հոմոֆոբ խմբերի կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 7 ցուցարար, այդ թվում՝ բռնի և հոմոֆոբ խմբի ղեկավար Գուրամ Փալավանդիշվիլին:

Նրանք հավաքվել են ԵՄ դեսպանատան մոտ՝ հոմոֆոբ և հակաարևմտյան բովանդակությամբ պաստառներով։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) հայտնում են, որ ցույցի մասնակիցները ձերբակալվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում)։

Նշենք, որ հանրահավաքը կազմակերպել էին «Երեխաների իրավունքների պաշտպանության միությունը» և «Զնեոբա» հասարակական կազմակերպությունը։