ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ չտրամադրելը Ռուսաստանի հաղթանակը կլինի. նախագահ

Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ չտրամադրելը կլինի Ռուսաստանի հաղթանակըradiotavisupleba.ge-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Ըստ նախագահի, եթե Վրաստանին չտրամադրեն ԵՄ թեկնածուի կարգավիճակ, դա կլինի «Վրաստանի պարտությունը և Ռուսաստանի հաղթանակը»։ Նախագահի խոսքով, Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակի չտրամադրումը «մեծ հիասթափություն կառաջացնի վրաց բնակչության շրջանում, իսկ Ռուսաստանի ղեկավարության մոտ՝ համարժեք գոհունակություն»։

«Ռուսաստանը կհամարի, որ Վրաստանը մնում է գորշ գոտում»,- ասել է նախագահը՝ նշելով, որ Կրեմլի համար դա կնշանակի, որ հնարավոր է «խաղալ Վրաստանի հետ»։

Ի դեպ, դեկտեմբերի 14-15-ին կայանալիք ԵՄ անդամ երկրների գագաթնաժողովում կքննարկվի ԵՄ ընդլայնման հարցը։ Գագաթնաժողովի արդյունքների համաձայն, Վրաստանին հնարավոր է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրվի, որը չի տրվել անցյալ տարի։ Գագաթնաժողովում կորոշվի նաև Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու հարցը։

Ուշագրավ է նաև, որ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո Վրաստանի կառավարությունը շարունակում է Արևմուտքի հետ մերձեցման կուրսը, բայց միաժամանակ փորձում է չսրել հարաբերությունները Մոսկվայի հետ։ 2023 թվականի հոկտեմբերին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որ մեղադրվում է ռուսամետ դիրքորոշման մեջ, փորձեց պաշտոնանկ անել նախագահ Զուրաբիշվիլիին, սակայն՝ չհաջողվեց։

Զուրաբիշվիլին «Վրացական երազանքին» մեղադրել է «ժողովրդավարությունը և Վրաստանի եվրոպական ապագան սպանելու» փորձի համար։

ԵՄ թեկնածուի կարգավիճակի սպասումով. Թբիլիսիում ակնկալիքներ ունեն