ԵՄ ինտեգրման հարցաշարի առաջին մասը լրացված է

Վրաստանն ավարտել է ԵՄ-ից ստացված անդամակցության հարցով ինքնագնահատման հարցաշարի առաջին մասի լրացման աշխատանքը։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Վրաստանի ԵՄ ինտեգրման կառավարական 63-րդ նիստում։

Լրացված հարցաշարը երկուշաբթի օրը՝ մայիսի 2-ին, կփոխանցվի Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Կարլ Հարցելին։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել այս գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչություններին և յուրաքանչյուր անձի՝ հարցաշարի առաջին մասի լրացմանն ուղղված ջանքերի համար։

Ըստ կառավարության աշխատակազմի փոխանցման՝ վարչապետի հանձնարարականով ակտիվ աշխատանքներ կտարվեն հարցաշարի երկրորդ՝ ոլորտային մասի լրացման ուղղությամբ ևս, որը կներառի 33 գլուխ և մինչև 2 հազար 300 հարց բոլոր ոլորտներից։ Հանդիպմանը քննարկվել են հարցաշարի երկրորդ մասի լրացման ժամկետները։

ԵՄ-ն հարցաշարի երկրորդ մասը Վրաստանին հանձնելու օր է նշանակել մայիսի 13-ը։

Ղարիբաշվիլին պետական գերատեսչություններին կոչ է արել ակտիվ աշխատել հարցաթերթիկի երկրորդ մասի ուղղությամբ, որպեսզի այն, ինչպես առաջին մասը, հնարավորինս արդյունավետ և արագ լրացվի։

Նշենք՝ ապրիլի 11-ին, Լյուքսեմբուրգում Վրաստանին հանձնվեց ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ինքնագնահատման հարցաշարը:

Կարդացեք նաև՝

Հանրայնացվել է ԵՄ անդամակցության հարցաթերթիկի առաջին մասը