Տարածված կարծիք կա, թե Սամցխե-Ջավախքում, իբր, եկամտի հնարավորությունները սահմանափակ են՝ մասնավորապես կապված են արտագնա աշխատանքի ու կարտոֆիլի իրացման հետ, ինչը տարիներ շարունակ խնդիր է եղել և մնում քաղաքացիների համար։ Չնայած սրան՝ կարծրատիպը սկսել է կոտրվել:
Բորջոմիի մունիցիպալիտետի Տաբածկղուրի գյուղում վերջին տարիներին տնտեսությունը թարմ շունչ է ստացել. զբոսաշրջային ուղղվածությամբ քոթեջների ստեղծումը նոր հնարավորություններ է ստեղծել տեղի բնակիչների համար։ Գյուղը դարձել է օտարերկրյա զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից մեկը Վրաստանում:
Այստեղ առկա են էկոտուրիզմի զարգացման բոլոր անհրաժեշտ պայմանները՝ հարուստ բնական ռեսուրսներ, կենսաբազմազանություն և մշակութային բազմազանություն։ Բորջոմի քաղաքից 60 կմ հարավ, լճի ափին տեղակայված Տաբածկղուրին զբոսաշրջիկներին գրավում է լճի մաքուր ջրով, անտառներով շրջապատված լեռնային տարածքով և բնական գեղեցկությամբ: Մինչև վերջին տարիները Տաբածկղուրիի բնակիչները հիմնականում զբաղվում էին ձկնորսությամբ, անասնապահությամբ և արտագնա աշխատանքով։
Տաբածկղուրիի բնակիչ Իրինա Մարտիրոսյանը պատմեց, թե ինչպես են փոխվել գյուղի տնտեսական հնարավորությունները վերջին տարիներին. գաղտնիքը քոթեջային բիզնեսն է: Քոթեջային բիզնեսը գյուղում սկզբնավորվել է մոտ 10 տարի առաջ, իսկ կայուն զարգացում է ապրել վերջին չորս տարիներին։ Այսօր արդեն 15-ից ավելի ընտանիքներ ունեն քոթեջ, և այդ թիվը շարունակում է աճել։
«Մեր գյուղը համարվում է զբոսաշրջային, և դա նոր հնարավորություն է տվել շատերին։ Քոթեջներից ստացվող եկամուտը դեռևս սեզոնային է։ Ամենաշատ հյուրերը գալիս են ամռանը, որոշ չափով` սեպտեմբերին, իսկ ձմռանն այցելուների թիվը զգալիորեն նվազում է։ Տարբեր քոթեջներում հյուրերի թիվը տատանվում է 4-ից մինչև 30՝ կախված հյուրատնից: Տուրիստները հիմնականում ԱՄՆ-ից են և արաբական երկրներից։ Նրանք գյուղի մասին տեղեկանում են լճի շնորհիվ, նաև գյուղի երիտասարդների սոցիալական ցանցերում գրառումներից»,- ասաց Իրինան։
Իրինան նշեց, որ տարիների ընթացքում երեքից ավելի քոթեջներ կարողացել են հասնել այնպիսի զարգացման, որ ամբողջ տարվա ընթացքում հյուրեր ունեն, իսկ մնացածները զարգացման ճանապարհին են։
Քոթեջները նպաստել են նաև աշխատանքի նոր հնարավորություններին, թեև սահմանափակ քանակով։ Որոշ տներում աշխատանքի են ընդունվում խոհարարներ, մաքրուհիներ և մատուցողներ։
Գյուղի մի քոթեջի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարող է զարգանալ այս ոլորտը։ Սեփականատերը, որ մոտ 5 տարի առաջ է բացել իր քոթեջը, պատմեց սկզբնական շրջանի մասին։ Նրա խոսքով, սկզբում հյուրեր գտնելը բավականին բարդ էր, բայց հիմա արդեն հյուրերը միմյանց են խորհուրդ տալիս, և այդպես տարածվում է քոթեջի գոյության մասին տեղեկությունը։
«Քոթեջից ստացված եկամուտը դեռ մշտական եկամուտ չէ, քանի որ անկայուն է։ Ամենաշատ եկամուտն ամռանն ու սեպտեմբերին է լինում, ձմռանը՝ ավելի քիչ։ Հյուրերը գոհ են, բողոքներ չկան, միայն շնորհակալություն»,- պատմեց սեփականատերը։
Նորաբաց քոթեջները դեռևս չունեն հյուրերի կայուն թիվ։ Սակայն նրանք, ովքեր արդեն ունեն, բավականին լավ են աշխատում։ Այնուամենայնիվ, գյուղում քոթեջների միջև մրցակցությունը դեռ խնդիր չէ, քանի որ շուկան զարգացման փուլում է, և բոլոր քոթեջները իրենց տեղն ունեն շուկայում։
Բիզնեսի համար հատկապես առաջնային է աղբահանության խնդրի լուծումը, քանի որ զբոսաշրջային գյուղի համար գեղեցկությունը հիմնական կապիտալն է։ Կողմերը խոսում են նաև մարքեթինգի զարգացման անհրաժեշտության մասին:
Էկոտուրիզմի մասնագետ Լամարա Մալխասյանը հանգամանալից ներկայացրեց Ջավախքի տուրիստական ներուժի և խնդիրների պատկերը։ Նրա խոսքով՝ շրջանն ունի բնական մեծ ռեսուրսներ և կենսաբազմազանություն։
«Չնայած այս ամենին, տեղի բնակիչները դեռևս սահմանափակ են օգտագործում այս հնարավորությունները։ Տուրիզմը տեղի բնակչության գործունեության կարևոր մաս դեռևս չի կազմում»,- նկատեց Մալխասյանը:
Տուրիստական գործունեության զարգացման համար տարածաշրջանում բավարար աշխատանք չի տարվում։ Բացակայում են տուրիստական ենթակառուցվածքները, հանրային տրանսպորտը սակավաթիվ է և գերբեռնված։ Չեն իրականացվում մարքեթինգային արշավների պլանավորում և տեղեկատվության տարածման միջոցառումներ։
Մալխասյանի խոսքով, տեղի բնակիչները չունեն անհրաժեշտ հմտություններ տուրիստական բիզնես վարելու համար։ Անհրաժեշտ է զարգացնել և՛ ընդհանուր բիզնես հմտությունները, և՛ տուրիզմի բնագավառի գիտելիքները։ Ֆինանսավորումը նույնպես սահմանափակ է։
«Էկոտուրիզմը հետզհետե ավելի մեծ պահանջարկ է ձեռք բերում, քանի որ հիմնված է կարևոր սկզբունքների վրա, որոնք են՝ բնական ռեսուրսների պահպանումը, բնապահպանությունը, տեղի բնակիչների տնտեսական զարգացումը»,- ասաց Մալխասյանը։
Այսպիսով, այսօր քոթեջային բիզնեսը Տաբածկղուրիում ակտիվ զարգացման փուլում է և ստեղծել է նոր հնարավորություններ, լրացուցիչ ակտիվություն է հաղորդել և ընդլայնել գյուղական զբաղվածության ոլորտները։
Տաբածկղուրիի օրինակով այլ գյուղերում ևս սկսել են մտածել այս ուղղությամբ։ Զբոսաշրջությունը կարող է դառնալ Ջավախքի տնտեսության նոր ազդակ։ Սակայն դրա համար անհրաժեշտ են համակարգված քայլեր՝ մարքեթինգի զարգացում, ենթակառուցվածքների բարելավում և մի շարք այլ հարցերի լուծում։
Հեղինակ՝
Վեներա Ալեքսանյան
Ալիք Մեդիա Վրաստանի ստաժոր