Բրյուսելում քննարկում են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության խորացման հարցերը

Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն մեկնել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել։ Հոկտեմբերի 12-13-ը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի կունենան դաշինքի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը։

Մինչ այդ, Վրաստանի ՊՆ նախարարն արդեն հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։

Բուրճուլաձեն կմասնակցի նաև Ռամշտայնի ձևաչափով Ուկրաինայի շփման խմբի հանդիպմանը, որը կազմակերպել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։ Հանդիպմանը կքննարկվեն Ուկրաինայում տիրող իրավիճակը, երկրի կարիքներն ու հնարավորությունները, ինչպես նաև ապագա հեռանկարներն ու ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ երկրների՝ Ուկրաինային օգնելու հնարավորությունները։

Այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ։ ՊՆ նախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն անվտանգության մարտահրավերները, ՆԱՏՕ-Վրաստան համատեղելիության ամրապնդման և ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության խորացման հարցեր՝ Վրաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման նպատակով։