Երեկվա օրը համառոտ. ապրիլի 8

Ապրիլի 8-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 մլն 650 հազար 981-ի: Մեկ օրում արձանագրվել է 273 նոր դեպք: Վարակից մահացել է ևս 1 մարդ, ընդհանուր՝ 16 հազար 766:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ «Վրաստանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել պատժամիջոցային բեռների տեղափոխման համար»։

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների նիստի շրջանակներում կարճատև հանդիպում է ունեցել ուկրաինացի գործընկերոջ հետ։

Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահը հրավեր է ստացել՝ այցելել ուկրաինական Բուչա քաղաք և սեփական աչքերով տեսնել տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքները։

Ավելի ուշ՝ Պապուաշվիլին պաշտոնապես պատասխանել է ուկրաինացի գործընկերոջ հրավերին։ Նա հաստատել է, որ իսկապես հրավեր է ստացել Գերագույն Ռադայի նախագահից՝ այցելելու Բուչա, սակայն պատասխան հայտարարության մեջ չի հստակեցրել արդյոք մտադիր է մեկնել Ուկրաինա։ Ընդհակառակը, Վրաստանի խորհրդարանի նախագահը նկատողություն է արել Ուկրաինայի իշխանություններին վերջին մեղադրանքների համար՝ նշելով, որ այդ ամենի ֆոնին «պաշտոնական հրավերը տեղին չի թվում»։

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ապրիլի 8-ին կայացած դատական ​​նիստում ասել է, որ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմին զուգահեռ Վրաստանը սխալ կողմում է, և երկիրը գտնվում է «խորտակված նավի» վրա, որտեղից «պետք է շարժվի դեպի այն նավը», որը կհաջողի։ Ըստ Սաակաշվիլիի՝ ուկրաինական պատերազմի ավարտից հետո Վրաստանին անհրաժեշտ կլինեն անվտանգության երաշխիքներ միջազգային երկրներից, այդ թվում՝ Ուկրաինայից, սակայն իշխող «Վրացական երազանքի» առաջնորդների դիրքորոշումների պատճառով նրանք չեն կարողանա «շրջվել դեպի Ուկրաինա»:

Վրաստանի կրթության և գիտության նախարարության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ շուտով Թբիլիսիի դպրոցներում կբացվեն ուկրաինալեզու բաժիններ։

Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովի խոսքով՝ ապրիլի 3-ի տվյալներով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի 20 723 քաղաքացի, նրանցից 4 500-ը երեխաներ են։

Վրաստանում գործող accentnews.ge լրատվական գործակալությունը Ռուսաստանի պետական դաշտը վերահսկող «Ռոսկոմնադզորից» ծանուցում է ստացել «տեղեկատվության տարածման կանոնների խախտման մասին», որը, ինչպես նշված է կից պարզաբանման մեջ, հիմնված է Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշման վրա։

Ռուսաստանը կրկին հայտարարել է, որ Թբիլիսիում ԱՄՆ-ի կողմից կառուցված Լուգարի լաբորատորիան վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար՝ այս անգամ «վարակ տարածող միջատների» տեսքով, ավելին՝ այստեղ:

Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալում՝ Հարավային Օսիան Ռուսաստանի կազմում միավորելու հարցով հանրաքվե անցկացնելու համար քարոզարշավ է սկսվել։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Բոլնիսիի 50 հեկտարի վրա հիմնված նուշի, ընկուզենու և սալորի այգիներ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարությունը։

Վրաստանի կառավարությունը 2022 թվականին կավելացնի մի շարք կրոնական կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորումը 1 միլիոն լարիով (325 հազար դոլար)՝ հասցնելով 5,5 միլիոն լարիի (մոտ 1,8 միլիոն դոլար):

Մարտին Քութայիսիի միջազգային օդանավակայանում ուղևորահոսքի 88 և թռիչքների թվի 120 տոկոսը վերականգնվել է։

Վրաստանի պարենի ազգային գործակալությունը մանրէների տարածման վտանգի, Եվրոպայում սալմոնելայի բռնկումների պատճառով կասկածելի շոկոլադե ապրանքների ստուգում է անցկացնում, կստուգվի նաև Kinder-ը։

Եվ վերջում՝ ապրիլի 8-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,87 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,0749 լարի։ Եվրոյի նկատմամբ ազգային արժույթն ամրապնդվել է 1,04 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,3473 լարի։