Երեկվա օրը համառոտ. հունիսի 22

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դրեց խորհրդարանի մեծամասնության կողմից ընդունված գաղտնալսումների մասին աղմկահարույց օրենքի վրա։

Զուրաբիշվիլին արձագանքել է խորհրդարանում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթին և ասել, որ այն անհեթեթ էր՝ վիրավորական բովանդակությամբ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Եվրահանձնաժողովի աջակցությունը Վրաստանի եվրոպական հեռանկարին կառավարության գլխավոր ձեռքբերումն է և «պատմական որոշում է»։

Ղարիբաշվիլին խորհրդարանում իր ելույթում ասել է, որ ոչ ոքի դուր չի գալիս բևեռացումը, սակայն գործող ընդդիմության պայմաններում չի պատկերացնում դրա ավարտը: Ղարիբաշվիլիի խոսքով, ինքը տասնապատիկ կպատասխանի հայհոյանքին ու վիրավորանքին, ինչպես նաև կառուցողական վերաբերմունքին։

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներ Սալոմե Սամադաշվիլին և Անա Նացվլիշվիլին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթի ժամանակ մեջքով են նստել՝ ի նշան բողոքի։

Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին, ով դատի է տվել շվեյցարական Credit Suisse բանկին՝ իր նախկին բանկիրներից մեկի խարդախության սխեմայի համար, կորցրել է մոտ 607 միլիոն դոլար:

«Թբիլիսի ուսանողական փառատոն 2022»-ը մեկնարկել է Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն պատասխանել է Սամգորիի շրջանի թաղապետ Կախա Սամխարաձեի՝ հունիսի 20-ի հանրահավաքի մասին աղմուկ հանած գրառմանը և ասել, որ խոսքի ազատությունն անձեռնմխելի է:

Կալաձեն բացատրել է, թե ինչ է նշանակում «պատիժ» բառը՝ կապված ԵՄ թեկնածուի կարգավիճակի հետ։ Ըստ նրա՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չեն տալիս, քանի որ նա չի ներքաշվել պատժամիջոցների և պատերազմի մեջ։ Կալաձեի խոսքով՝ Վրաստանն արժանի էր թեկնածուի կարգավիճակ ստանալուն, քանի որ 3 երկրների մեջ ամենահաջողն էր բոլոր առումներով։

Տիեզերական տեխնիկա արտադրող ամերիկյան Space Exploration Technologies Corporation (SpaceX) ընկերությունը Վրաստանում ծրագրում է գործարկել Starlink գերարագ արբանյակային ինտերնետ ծառայությունը:

Վրաստանում վերջին շաբաթվա ընթացքում դիզվառելիքի արժեքը բարձրանում է։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ շինարարության արժեքի ինդեքսը նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատ աճել է 12,8 տոկոսով։

Վրաստանի բանկերի սեկտորը կորպորատիվ կառավարման ոլորտում առաջատար տեղ է զբաղեցնում՝ ասվում է Ստանդարտների և կոդերի համապատասխանության (ROSCs) մասին նոր զեկույցում, որը մշակվել է համաշխարհային բանկի և արժույթի միջազգային հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում։

Եվ վերջում՝ Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հունիսի 22-ին մեկ դոլարը արժեր 2,9277 լարի: