SOCAR-ը Մառնեուլիում 2,4 մլն արժողությամբ մարզահամալիր կկառուցի

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Մառնեուլի Կղիզիլաջլո գյուղում տեղի ունեցավ ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը: Այս մասին հաղորդում է «Ռադիո Մառնեուլին»:

Մարզահամալիրը կառուցում է ադրբեջանական SOCAR նավթային ընկերությունը: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 400 000 լարի է: Համալիրը կզբաղեցնի 1,157 քմ տարածք, որի կառուցման և օգտագործման համար SOCAR-ը ութ ամիս ժամանակ կունենա, իսկ հետո կփոխանցի Մառնեուլիի քաղաքապետարանին:

Հիմնարկեքի արարողությանը ներկա էին Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը, Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆայգ Գուլիևը, SOCAR ներդրումների բաժնի ղեկավար Վագիֆ Ալիևը, Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին, Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական թեկնածու Զաուր Դարգալին, Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն, Քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն և այլ շահագրգիռ անձինք:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան, Ադրբեջանի նավթային ընկերության նախագահը և Վրաստանի կառավարության ներկայացուցիչները Իլմազլո գյուղում հանդիպել են բնակչության հետ՝ կապված բնական գազի գազատարի հետ: