Պահանջում ենք, որ Էլենե Խոշտարիան անհապաղ ազատ արձակվի. TI

Թրանսփերենսի Ինթերնեշնլ-Վրաստանը (Միջազգային թափանցիկություն — Վրաստան՝ TI) արձագանքել է Էլենե Խոշտարիայի առողջական վիճակի վերաբերյալ տարածված տեղեկությանը։ Կազմակերպությունը պահանջում է նրա անհապաղ ազատ արձակումը։

«Պահանջում ենք, որ Էլենե Խոշտարիան` որպես քաղաքական բանտարկյալ, անհապաղ ազատ արձակվի, իսկ կալանքի տակ գտնվելու ընթացքում նրան հրատապ կարգով պատշաճ բուժման հնարավորություն տրվի, մասնավորապես՝ հասանելիություն համապատասխան ախտորոշիչ և թերապևտիկ միջոցառումներին, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոցում։

Խոշտարիայի առողջական վիճակի վատթարացման դեպքում պատասխանատվությունը կընկնի «Վրացական երազանք»-ի, Բիձինա Իվանիշվիլիի և նրա թիմի անդամների վրա։ Նրանք, նաև բոլոր այն անձինք, ովքեր մասնակցում են այս քաղաքական որոշման գործադրմանը, կատարում են քրեական հանցագործություն, որը կապված է մարդու խոշտանգումների (Քրեական օրենսգրքի 1441 հոդված) կամ նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքի (ՔՕ 1443 հոդված) և պաշտոնեական լիազորությունների անցման հետ (ՔՕ 333-րդ հոդված)»,- գրել է կազմակերպությունը։

TI-ն նաև նշել է, որ Էլենե Խոշտարիայի նկատմամբ խախտվում են միջազգային ստանդարտները։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պարզաբանմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (Խոշտանգումների արգելում) պահանջում է, որ պետությունն ապահովի կալանավորի տեղավորումն այնպիսի պայմաններում, որոնք համատեղելի են նրա մարդկային արժանապատվությունը հարգելու իրավունքի հետ։ Քրեաիրավական միջոցառումների կիրառման ձևն ու մեթոդը չպետք է պատճառեն տառապանք կամ հոգեբանական ճնշում։ Նրա առողջությունն ու բարեկեցությունը պետք է պատշաճ կերպով պաշտպանված լինեն, այդ թվում՝ նրան անհրաժեշտ բժշկական օգնությամբ ապահովելու միջոցով։

Եվրոպական դատարանը բազմաթիվ գործերով սահմանել է, որ պատշաճ բժշկական օգնություն ցույց չտալը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է։ Սոսկ այն փաստը, որ հիվանդին այցելել է բժիշկը և նրան որոշակի բուժում է նշանակել, ավտոմատ կերպով չի կարող հիմք դառնալ այն եզրակացության, որ կալանավորին պատշաճ բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Պետությունը պետք է ապահովի կալանավորի առողջական վիճակի վերաբերյալ համապարփակ փաստաթղթավորման վարումը, նաև արագ և ճշգրիտ ախտորոշման սահմանումը։ Բացի դրանից, երբ դա պահանջում է առողջական վիճակը, բժշկական հսկողությունը պետք է լինի կանոնավոր ու համակարգված և ներառի համապարփակ թերապևտիկ ռազմավարություն, որն ուղղված կլինի կալանավորի առողջական խնդիրների վերացմանը կամ դրանց վատթարացման կանխարգելմանը, այլ ոչ թե միայն առանձին ախտանիշների բուժմանը։

Եվրոպական դատարանի վերոնշյալ ստանդարտների ֆոնին լիովին ակնհայտ է, որ բանտի վարչակազմը և, վերջնարդյունքում, պետությունը կոպտորեն խախտում են Էլենե Խոշտարիայի հիմնարար իրավունքները, որոնք երաշխավորված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով և Վրաստանի Սահմանադրության 9-րդ հոդվածով։ Վերոգրյալից ելնելով ակնհայտ է, որ Էլենե Խոշտարիան քաղաքական բանտարկյալ է, և նրան կալանքի տակ պահելու որոշումը կայացրել են Բիձինա Իվանիշվիլին և նրա թիմի անդամները»,- ասված է TI-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, «Փոփոխությունների համար կոալիցիա»-ի առաջնորդներից մեկի՝ Էլենե Խոշտարիայի փաստաբանի խոսքով, բանտում Խոշտարիայի առողջական վիճակը վատթարացել է։

Շոթա Թութբերիձեի հայտարարության համաձայն՝ Խոշտարիային բուժող բժիշկների հետ միասին իրենք խորհրդատվություն են անցել Թուրքիայի կլինիկայում, որոնց գնահատմամբ՝ «առանց պատշաճ բուժման, առողջական վիճակի հետագա վատթարացման դեպքում Էլենեի առողջությանը կարող է հասցվել անդառնալի վնաս։ Օրինակ՝ նա այլևս չի կարողանա տեղաշարժվել առանց հաշմանդամության սայլակի»։

Հիշեցնենք, որ Կախա Կալաձեի նախընտրական պաստառը «վնասելու» համար Էլենե Խոշտարիային մարտի 24-ին դատապարտել են 1 տարի և 6 ամիս ժամկետով ազատազրկման։

Խոշտարիան ձերբակալվել էր 2025 թվականի սեպտեմբերի 15-ին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր սահմանվել 5000 լարի գրավը, որը վճարելուց նա հրաժարվել էր։