Երեկվա օրը համառոտ. հունիսի 24

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Վրաստանին՝ եվրոպական հեռանկար ստանալու առթիվ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Twitter-ում ողջունել է Եվրախորհրդի որոշումը, որով պաշտոնապես ճանաչվում է Վրաստանի եվրոպական հեռանակարը։

Վարչապետն ասել է, որ Եվրախորհրդի երեկվա որոշումը, ըստ որի Վրաստանին տրվել է եվրոպական հեռանկար, արժանի ձեռքբերում է։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ Բիձինա Իվանիշվիլին օլիգարխ չէ, և Վրաստանում քաղբանտարկյալներ չկան։

ԱՄՆ-ի դեսպանատունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Վրաստանում իրականացվող բարեփոխումներին: Դեսպանատան տվյալներով՝ դեսպան Քելի Դեգնանը գտնվում է Վաշինգտոնում, և նա ասել է, որ Վաշինգտոնում հստակ է՝ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել վրաց ժողովրդի եվրաինտեգրման ձգտումներին։

Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլիի խոսքով՝ սա պատմական օր է, քանի որ ճանաչվել է Վրաստանի եվրոպական հեռանկարը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Կառավարության ղեկավարի հրաժարականը ԵՄ թեկնածուի կարգավիճակ չստանալուց հետո պահանջում են Թբիլիսիում անցկացվող «Տուն՝ դեպի Եվրոպա» ցույցի մասնակիցները։

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնն արձագանքելով Եվրոպական խորհրդի որոշմանն ասել է, որ այժմ գնդակը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության դաշտում է: Կրամոնը հույս է հայտնել, որ 6 ամսից Վրաստանը կնշի իր թեկնածությունը։

Թբիլիսիում գտնվող Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սյարտոն ասել է, որ Հունգարիայի դիրքորոշումն այն է, որ Վրաստանին նույնպես պետք է ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհվի, և որ Եվրոպական խորհրդի կողմից Վրաստանի համար սահմանված չափանիշները «բոլորովին անհասկանալի»:

Վրաստանում եվրոպական ընտանիքին միանալու հարցով վերջին շրջանում բազմամարդ ակցիաներ կազմակերպող «Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ վրաց ժողովուրդը սկզբունքորեն պաշտպանելու է եվրոպական ընտրությունն ու ապագան։

Գորիի մունիցիպալիտետի Խուրվալեթի գյուղի մոտ գտնվող լեռնաշղթայի վրա ռուսական ուժերը դիտաշտարակ են տեղադրել և շարունակում են փորման աշխատանքները:

Հունիսի 24-ից մեկնարկեց Tbilisi Open Air («Թբիլիսիի երկնքի տակ») տարածաշրջանային երաժշտական փառատոնը:

Վրաստանի Ազգային բանկի կողմից հունիսի 23-ին սահմանված փոխարժեքով ԱՄՆ մեկ դոլարի պաշտոնական արժեքը 2,9355 լարի է։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3,0840 լարի։