Երեկվա օրը համառոտ. հունիսի 8

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բացվել է առաջին դեղատունը՝ Drive thru pharmacy-ն, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս դեղ գնել առանց մեքենայից դուրս գալու։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Կախա Գուլեդանին կզբաղեցնի մայրաքաղաքի փոխքաղաքապետի պաշտոնը։

Թբիլիսիի քաղաքապետարանը երիտասարդների համար ամառային հանգստի նախագիծ է մշակել, 18-ից 29 տարեկան երիտասարդներին առաջարկում է անվճար զբոսաշրջային փաթեթ։

Սոցիալական արդարության կենտրոնը (նախկին EMC) հայտարարում է Սամցխե-Ջավախեթիում բնակվող երիտասարդների ընդունելիություն «Քննադատական մտածողության դպրոցում»։

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան դիմել է Վրաստանի նախագահին՝ ներում շնորհելու անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ, «Մթավարի արխի» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիային։

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնն ասել է, որ կողմ կլինի Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տալուն, երբ երկրի կառավարությունը դադարեցնի ժողովրդավարական հետընթացը:

Եվրախորհրդարանում նախագիծ է ներկայացվել, որով հեղինակները Եվրահանձնաժողովին կոչ են անում դիտարկել Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը:

Եվրախորհրդարանում քննարկումներ կանցկացվեն Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության խախտումների վերաբերյալ։

Խոսելով Արևելյան գործընկերությունում անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության մշակման մասին՝ Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսն ասել է, որ հանձնաժողովը նախատեսում է ավելացնել Վրաստանին և Մոլդովային ոչ մահաբեր ռազմական օգնությունը։

Նիկա Գվարամիան դիմել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրախորհրդարանի պատգամավորներին և խնդրել, որ եվրոպացի քաղաքական գործիչներն այնպիսի որոշում կայացնեն Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ, որը պատժի չի դառնա վրաց ժողովրդի համար։

Վրաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելին կփոխարինի Պավել Հերչինսկին:

ԱՄՆ-ում Վրաստանի նորանշանակ դեսպան Դավիթ Զալկալիանին շարունակում է ճանաչողական հանդիպումները Միացյալ Նահանգներում Վրաստանի գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ։

Վրաստանի ընդդիմադիր «Ռազմավարութունն Աղմաշենեբելի» կուսակցության ղեկավար Գիորգի Վաշաձեն ասել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներն իր վրա հարձակում են ծրագրում:

2022 թվականի հուլիսի 1-ից շրջաններում գազի սակագինը կբարձրանա ոչ կենցաղային սպառողների, տնտեսվարողների համար:

Եվ վերջում՝ Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 1 ԱՄՆ դոլարի արժեքը  առուվաճառքի արդյունքում դարձել է 2,9634 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3,1785 լարի։