Երեկվա օրը համառոտ. մարտի 15

Մարտի 15-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 637 691-ի: Մեկ օրում արձանագրվել է 1 716 նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8.64%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 13.98%:

Վրաստանի կառավարությունը մտադիր է նախագահի հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Որոշումն ընդունել է «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը։ Կուսակցության տարածած հայտարարության համաձայն՝ նախագահը խախտում է Սահմանադրությունը, ուստի՝ իրենք որոշել են Զուրաբիշվիլիին ծանոթացնել  սահմանադրական մարմինների գործառույթին և իրավասություններին։

Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI) հրապարակել է Վրաստանի կառավարության կողմից նախագահ Զուրաբիշվիլիին ուղղված մեղադրանքների իրավական գնահատականը՝ նշելով, որ նախագահը չի խախտել Սահմանադրությունը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քաղխորհրդի նիստից հետո՝ պատասխանեղլով Ռուսաստանի կողմից Ուկիաինայում սանձազերծած պատերազմի ֆոնին կառավարության կողմից նախագահի՝ Եվրոպա այցերը չեղարկելու մասին հարցին՝ ասել է, թե «Վրաստանի նախագահը մոլորության մեջ է»։ Հարցին, թե ինչու կառավարությունը հավանություն չի տվել նախագահի այցերին եվրոպական երկրներ, Ղարիբաշվիլին հիշեցրել է Վրաստանի Սահմանադրությամբ կառավարությանը տրված լիազորությունները, ըստ որի՝ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը պետք է տեղում լինի՝ պատերազմների ժամանակ:

Հետազոտական ​​ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) սոցիալական հարցման համաձայն՝ Վրաստանում հարցվածների մեծամասնությունը՝ 64 տոկոսը դրական է գնահատել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վերջին գործողությունները՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ, մինչդեռ հարցվածների 15 տոկոսը վատ կամ շատ վատ է գնահատել նրա քայլերը։ Համեմատության համար նշենք, որ հարցվածների մեծամասնությունը՝ 42 տոկոսը, բացասական է գնահատել Վրաստանի խորհրդարանի վերջին գործողությունները, իսկ  դրական՝ հարցվածների միայն 34 տոկոսը, ավելին՝ այստեղ:

Հարցվածների մեծամասնությունը՝ 80 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանն ու նրա ղեկավար Վլադիմիր Պուտինն են պատասխանատու Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի համար։ Հարցվածների մեծ մասը՝ 61 տոկոսը կարծում է, որ Վրաստանի կառավարությունը պետք է մեծացնի իր աջակցությունն Ուկրաինային։ 32 տոկոսը կարծում է, որ կառավարությունը բավականաչափ աջակցում է Ուկրաինային, մինչդեռ հարցվածների 2 տոկոսը կարծում է, որ Վրաստանի կառավարությունն ընդհանրապես չպետք է աջակցի Ուկրաինային։ Մանրամասն՝ այստեղ:

Վրաստանի Կարմիր Խաչը 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա՝ ռազմական գործողություններից տուժածների համար։ Այս մասին այսօր հայտնել է կազմակերպության Վրաստանի մասնաճյուղի նախագահ Նաթիա Լոլաձեն։ Ցամաքային տրանսպորտով բեռը կհասցվի Ուկրաինայի հարավ-արևմուտքում՝ Ռումինիայի սահմանից ոչ հեռու գտնվող Չեռնովցի քաղաք։ 

Վրաստանում Ուկրաինայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Կասյանովը հայտնել է, որ այսօր Վրաստանում Ուկրաինայի ավելի քան 4100 քաղաքացի կա։ Նա հավելել է, որ դեսպանատունը շարունակում է ակտիվորեն աշխատել Ուկրաինայի քաղաքացիներին ամեն ինչով ապահովելու համար՝ կացարան, բժշկական օգնություն, սնունդ, ընտանիքի հետ անվճար հեռախոսային կապ և այլն։

Վրաստանում Ուկրաինայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Կասյանովը հաստատել է, որ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը, ով Վրաստանից հետ էր կանչվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի որոշմամբ, Վրաստանում է։ Միաժամանակ, Կասյանովն ասել է, որ իրենք չեն կարող տեղեկատվություն հրապարակել ռազմական դրության ընթացքում Ուկրաինայի դիվանագիտական ​​ծառայության աշխատանքի մասին։ Կասյանովի խոսքով՝ «պատերազմի ժամանակ դիվանագիտությունը հեռանում է դասական վիճակից»։ 

Վրաստանի խորհրդարանը միաձայն պաշտպանել է Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման վերաբերյալ բանաձևի նախագիծը։ Փաստաթուղթն ընդունվել է Վրաստանի խորհրդարանի կողմից 111 ձայնով։ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլիի խոսքով, Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը՝ երկրի ռազմավարական նպատակն է, որը հիմնված է վրաց ժողովրդի կամքի և Վրաստանի Սահմանադրության վրա։ Նրա խոսքով, վերջին տասնամյակում Վրաստանն ամուր հիմքեր է դրել ԵՄ-ին ինտեգրվելու Վրաստանի ճանապարհին հետագա առաջընթացի համար։

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն մարտի 16-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների արտահերթ նիստին։ Ջուանշեր Բուրճուլաձեն իր ուկրաինացի, ֆինն և շվեդ գործընկերների, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ հրավիրվել են Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստին:

Վրաստանյան GBD ընկերության կողմից Լագոդեխիում արտադրված հազարը (մարոլ) պետք է արտահանվեր Ռուսաստան և մատակարարվեր այնտեղ գործող McDonald’s-ի ցանցերին, սակայն, քանի որ արագ սննդի ընկերությունը լքեց ռուսական շուկան, Վրաստանի ֆերմերները լուրջ խնդրի են առջև են կանգնել։ Ընկերության հիմնադիր Իվա Ճկղոնիան հայտնել է, որ ընկերությունը սպասում է ապրիլի բերքահավաքին, որի յուրացումը պիտի տեղի ունենա գոնե 1 ամսում, այլապես 200 հազար եվրոյից ավելի արտադրանքի կորուստ կլինի։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունն (Geostat) երեկ հրապարակել է կենսապահովման մակարդակի մասին վիճակագրությունը։  Տվյալների համաձայն՝ աշխատունակ տղամարդկանց կենսապահովման մակարդակը փետրվարին կազմել է 231,3 լարի, ինչը 34,1 լարիով կամ 17 տոկոսով ավելի է նախորդ տարվա կենսապահովման մակարդակից։ Կենսապահովման մակարդակի բարձրացումը կապված է բարձր գնաճի հետ, քանի որ փետրվար ամսին երկրում գրանցվել է վերջին 10 տարում գնաճի ամենաբարձր ցուցանիշներից մեկը` 13,7 տոկոս: 

Գյուղատնտեսության փոխնախարար Գիորգի Խանիշվիլիի խոսքով՝ պարենային պաշարների պակաս չկա։ Նախարարությունից հայտնել են, որ կլիմայական պայմանների պատճառով վերջին օրերին որոշակի շրջաններում ուշացել է ապրանքների մատակարարումը առևտրային ցանցեր, սակայն իրավիճակի բարելավումից հետո առաջին անհրաժեշտության ապրանքների ևս մեկ խմբաքանակ (ձեթ, մակարոնեղեն, հնդկաձավար և այլն) երկիր կներմուծվի։ 

Վրաստանի կրթության և գիտության նախարարության հաղորդմամբ՝ մեկնարկել է առաջին դասարանցիների գրանցման առաջին փուլը։ Մարտի 15-ից մինչև մարտի 26-ը դպրոցներում կգրանցեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին։ Մանրամասն՝ այստեղ:

Եվ վերջում՝ մարտի 15-ի առքուվաճառքի արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 1,44 թեթրիով, ինչի արդյունքում պաշտոնական արժեքը կազմել է 3,2178 լարի։ Եվրոյի նկատմամբ ազգային արժույթն ամրապնդվել է 0,48 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,5383 լարի։