Վրաստանի քաղաքացի էմիգրանտները պահանջում են վերադարձնել իրենց ձայնի իրավունքը․ «Լելո» կուսակցության ներկայացրած սահմանադրական հայցից հետո արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիները հայտարարել են, որ ընտրություններին մասնակցելու իրենց իրավունքը պաշտպանելու համար պայքարելու են նաև ինքնուրույն։
Ծանր քաղաքական և տնտեսական իրավիճակի պատճառով երկրից հեռացած քաղաքացիների գնահատմամբ՝ «Վրացական երազանք»-ը վախենում է իշխանությունը կորցնելուց և հենց դրա պատճառով է փորձում սահմանափակել վճռական տրամադրված ընտրողների սահմանադրական իրավունքը։
«Անգամ այս պայմաններում, երբ առանց այն էլ տեղամասեր չէին բացում, միևնույն է, էմիգրանտներին արգելեցին մասնակցել ընտրություններին։ Ինչո՞ւ․ որովհետև էմիգրանտները ցուցիչն են այն բանի, որ իրականում, եթե «Վրացական երազանք»-ը Վրաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացներ, ապա կպարտվեր։ Ուստի կարծում եմ, որ այս իրավունքի վերադարձը շատ կարևոր է նաև նրա համար, որ միջազգային համայնքին ցույց տանք՝ իրականում «Վրացական երազանք»-ը աջակիցներ չունի ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս։ Ձայնի իրավունքը, ընտրություններին մասնակցելու իրավունքը հիմնարար իրավունքներից մեկն է, որը ժողովրդավարական հասարակությունում քաղաքացին պետք է ունենա»,- ասել է Դավիթ Ձիձիշվիլին։