Ձերբակալվել է Գորիի սակրեբուլոյի նախկին պատգամավոր Սոսո Մումլաձեն

Գորիի մունիցիպալիտետի քաղաքային խորհրդի (սակրեբուլո) «Վրացական երազանք»-ի նախկին պատգամավոր և շրջանի նախկին ղեկավար Սոսո Մումլաձեն ձերբակալվել է։

Այս տեղեկությունը տարածել է «Քարթլիս ամբեբի»-ն, իսկ ձերբակալության փաստը հաստատել է Վրաստանի դատախազությունը, որի փոխանցմամբ՝ Սոսո Մումլաձեին մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով, և նա արդեն գտնվում է նախնական կալանքի տակ։

Մանրամասներն այս փուլում հայտնի չեն, սակայն, ըստ պարբերականի, քաղաքացիները նրա դեմ բողոք են ներկայացրել շինարարության հետ կապված գումարների յուրացման փաստով։

Սոսո Մումլաձեն 2021-2024 թվականներին սակրեբուլոյում եղել է «Վրացական երազանք»-ի ցուցակով ընտրված պատգամավոր։ Ավելի վաղ՝ 2004-2005 թվականներին նա զբաղեցրել է շրջանի ղեկավարի պաշտոնը։