Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքացիներին «վճռորոշ աշնան» կոչ է արել

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Facebook-ի ուղիղ եթերում, պատասխանելով քաղաքացիների հարցերին, կոչ է արել լիակատար համախմբման՝ ընդգծելով, որ առաջիկա ամիսները վճռորոշ են լինելու։

«Ժամանակը սպառվում է, մեր վճռականության ժամանակը մոտենում է, սեպտեմբերը և հոկտեմբերը վճռորոշ են լինելու։ Բողոքի ակցիաները ամեն ձևով ցույց տվեցին ոչ թե հոգնածության նշաններ, այլ դիմացկունության հսկայական նշաններ։ Եվ ցույց տվեցին նաև, որ կառավարությունը, ճնշումները, օրենքները, տուգանքները՝ այս ամենը ոչինչ չկարողացան անել, որ այս բողոքը մարի։ Այն, որ այս բողոքը երբեմն շատ մասշտաբային է, իսկ երբեմն՝ ավելի համեստ, դա հասկանալի է, դա մարդկային երևույթ է։ Բայց այն, որ այս բողոքը շարունակվում է, և ոչինչ դա չի կանգնեցնի, սա է այսօր մեր իրական հենարանը, և իշխանությունն էլ դա գիտի։ Պետք է միասին լուծենք այս հարցը, և հասարակության այս միավորումն է, առաջին հերթին, որը կստիպի քաղաքական դաշտին, որ նա էլ միավորվի, որովհետև այլ ելք այսօր չկա։

Ես գիտեմ մի բան, որ ժամանակը սպառվում է, որ մեր վճռականության ժամանակը գալիս է, որ այս սեպտեմբեր-հոկտեմբերը վճռորոշ են լինելու շատ տեսանկյուններից, որ չպետք է հանդուրժենք այս ամենը, պետք է հասկանանք, որ սա վերջն է։ Այլևս հարմարվողականություն և զիջումներ չեն կարող լինել, և սա իրականում հասարակության մարտահրավերն է»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։