Երեկվա օրը համառոտ. մարտի 17

Մարտի 17-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 639 678-ի: Մեկ օրում արձանագրվել է 888 նոր դեպք: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 831 պացիենտ:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ մարտի 17-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ ընդհանուր առմամբ իրականացվել է 2 մլն 838 հազար 287 պատվաստում։ Մարտի 16-ին կատարվել է 1 301 պատվաստում։ Խթանիչ (booster) դոզայով պատվաստվել է 227 751 քաղաքացի։ 

Երեկ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատին զուգընթաց՝ քաղաքացիական ակտիվիստները բողոքի ցույց էին անցկացնում։ Դատական գործն ընթանում էր Վրաստանի պետական ​​սահմանն ապօրինի կերպով հատելու դեպքի առթիվ։ Ուսումնասիրվում էր մեղադրող կողմի ապացույցները։ Նիստին մասնակցում էր նաև Սաակաշվիլին։

Դատական նիստի ժամանակ Սաակաշվիլին հայտարարել է, թե ինքը տեղեկություն է ստացել տարբեր երկրների դիվանագիտական ​​ծառայություններից և «այդ թվում լուրջ երկրի հատուկ ծառայություններից», որ Ռուսաստանը սադրանք է պատրաստում Վրաստանի օկուպացված տարածքներում, որպեսզի Վրաստանի կառավարությունից պահանջի չեզոքություն  հայտարարել։ Ըստ Սաակաշվիլիի՝ Վրաստանը չպետք է խաբվի այս սադրանքին, և ոչ մի կոչ չպետք է արվի:

Ըստ Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի՝ Վրաստանում կխստացվեն օդամղիչ զենք կրելու և պահելու կանոնակարգերը։ Փոփոխություններ կլինեն նաև ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում։ Նրա խոսքով՝ քաղաքացիական զենքի գրանցման վկայականը կդառնա ժամանակավոր։ Ուժի մեջ կմտնի նոր օրենք, և զենքի պահպանման կանոնակարգը խախտելու դեպքում քաղաքացին կզրկվի վկայականից։ 

Գոմելաուրին վերահաստատել է վարորդական իրավունքի հետ կապված փոփոխությունները։ Նրա խոսքով, երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, 2022 թվականի ապրիլի 25-ից թեթև մարդատար ավտոմեքենաների, իսկ նոյեմբերի 7-ից՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների իրական պայմաններում վարորդական իրավունքի տեսական քննության հանձնումը պարտադիր կդառնա։

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ասել է, որ Վրաստանի տեղը Եվրամիությունում է։ Նրա խոսքով՝ իրենց համար կարևոր է Վրաստանի ընտրած եվրոպական ուղին, և իրենք գնահատում են այս ընտրությունը։ Այդ մասին երեկ՝ մարտի 17-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստան այցելած Լեհաստանի վարչապետը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Լեհաստանի Հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է, որ ինքը Լեհաստանի վարչապետին տեղեկացրել է ակտիվ քաղաքական և հումանիտար օգնության մասին, որը Վրաստանը տրամադրել է Ուկրաինային։

«Մենք ամենուր աջակցել ենք Ուկրաինային»,- ասել է Ղարիբաշվիլին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի վարչապետին Վրաստանի քաղաքացիների տարհանման և Վրաստանի կողմից Ուկրաինա ուղարկված մարդասիրական օգնության ժամանակ ցուցաբերած օգնության համար։

Ռուսաստանն ԱՄՆ-ի կողմից բիոլաբորատորիաների միջոցով վարակ տարածելու մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Այս անգամ խոսքը Ուկրաինայում չղջիկների միջոցով հիվանդությունների տարածման մասին է։ Նշվածն ակտիվ տարածում են ռուսական լրատվամիջոցները։ Ռուսական վարկածի համաձայն՝ ԱՄՆ մասնագետների ղեկավարությամբ Ուկրաինայի Խարկով քաղաքում երկար տարիներ գաղտնի նախագիծ է իրականացվել։ Ուկրաինայում «կենսաբանական զենքի» առկայության մասին ռուսական կողմը հայտարարել էր նաև մարտի 10-ին:

Ըստ Վրաստանի կրթության և գիտության նախարարության՝ Ուկրաինայի դպրոցականները, ովքեր պատերազմի պատճառով չեն կարողանում կրթություն ստանալ, ցանկության դեպքում հեշտությամբ կարող են ընդունվել Վրաստանի դպրոցներ: Նրանք կարող են շարունակել սովորել այն դասարաններում, որտեղ սովորում էին Ուկրաինայում մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը:

«Ցանկանում եմ հայտարարել, որ Վրաստանի կառավարությանը ոչ ոք չի պարտադրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե նրանք չեն ցանկանում դա անել և եթե այդպես են որոշել»,- այս մասին ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը։ Դեգնանի խոսքով՝ պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի գործողությունների վրա ազդելուն։ Ըստ Դեգնանի՝ այժմ կարևոր է, որ բոլորը միասնական դիրքորոշում ունենան ռուսական ագրեսիայի նկատմամբ, որը խլել է հազարավոր ուկրաինացի խաղաղ բնակիչների կյանքեր և ավերել ուկրաինական քաղաքներ: 

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության վստահեցմամբ՝ Վրաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի Չեչնիայի հետ կապող ճանապարհի կառուցման հարցը։ Նախարարությունից նշել են, որ ճանապարհաշինության հարցը վրացական կողմի օրակարգում երբեք չի եղել, և հետևաբար, դրա մասին ցանկացած տեղեկություն կեղծ է։

«Մենք ցանկանում ենք պատասխանել մամուլում տարածված՝ Ռուսաստանի անվտանգության խորհրդի վրաց-չեչենական ճանապարհի կառուցման մասին հաղորդագրություններին, և հայտարարել, որ Վրաստանը երբևէ չի քննարկել և չի քննարկի վրաց-չեչենական ճանապարհի կառուցումը», — ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Մառնեուլիի քաղաքապետարանին 5 նոր ավտոբուս է հատկացվել՝ բնակչության տեղաշարժն առավել հարմարավետ դարձնելու համար: Նշվում է, որ ISUZU մակնիշի ավտոբուսները եվրոպական չափանիշներով են, լիովին հարմարեցված են հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար: 

Եվ վերջում՝ մարտի 17-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,65 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,2209 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 0,64 թեթրիով, ինչի արդյունքում 1 եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,5383 լարի։