Երեկվա օրը համառոտ. մայիսի 2

Մայիսի 2-ին Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 51 նոր դեպք: Վարակից մահվան 1 դեպք է գրանցվել։

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ գրիպի վարակի տարածումը երկրում զգալիորեն գերազանցում է կորոնավիրուսին։

Վրաստանում կորոնավիրուսի վիճակագրության վերաբերյալ տվյալներն այլևս ամեն օր չեն հրապարակվի։ 

Մայիսի 2-ին կայացած կառավարության նիստում որոշվել է, որ մայիսի 2-ից վերացվում է նաև փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը։ 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ տնտեսությունն աճում է և առաջին եռամսյակում գրանցվել է 14,4 տոկոս աճ։ 

Ղարիբաշվիլիի խոսքով՝ մրցակցային գործակալությունը ուսումնասիրում է վառելիքի գները, և եզրակացությունը կլինի մայիսի 15-ին, ավելին՝ այստեղ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրամիության պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելին է հանձնել Եվրահանձնաժողովի հարցաշարի առաջին մասը, որն արդեն լրացված է։

Մայիսի 2-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլին ընդունել է Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին։

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորությամբ, առաջին պաշտոնական այցով մեկնել է Իսլանդիա։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա։ 

Վրաստանի սահմանային ոստիկանությունն առգրավել է ավելի քան 10 կիլոգրամ հերոյին, որի համար բերման է ենթարկվել օտարերկրյա 2 քաղաքացի։ 

Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) դիմել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին` խնդրելով հանրայնացնել ԵՄ հարցաշարի պատասխանները, ավելին՝ այստեղ:

Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին` ընդգծելով, թե նույնիսկ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինան է առևտրային հարաբերությունները պահպանում Ռուսաստանի հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) փոխանցմամբ՝ մայիսի 2-ին նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովի հետ։ Մանրամասն՝ այստեղ:

FLYONE ARMENIA ավիաընկերությունը մայիսի 1-ից մեկնարկել է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները: 

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության նախագահ Խատիա Դեկանոիձեի խոսքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խախտում է առողջապահության նախարարի հրամանը՝ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջության վերաբերյալ։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցությանը՝ լիագումար նիստում քննարկման և քվեարկության ներկայացնելու Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հնարավոր բռնության գործով հետաքննող հանձնաժողովի ստեղծման հարցը։

Եվ վերջում՝ մայիսի 2-ի սակարկությունների արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,01 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի դիմաց պաշտոնական արժեքը կազմել է 3,0590 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 1,48 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,219 լարի։