Երեկվա օրը համառոտ. մայիսի 26

Մայիսի 26-ի վրաստանյան նորությունների հիմնական մասը կապված էր Վրաստանի Անկախության օրվա հետ:

Անկախության օրվա առթիվ շնորհավորանքներ են հղել ԱՄՆ Պետդեպարտամենտը, Վրաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը և այլոք:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին տոնի առթիվ շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Լուկաշենկոյի խոսքով՝ Վրաստանը վստահորեն գտնում է իր պետականության ամրապնդման ճանապարհին։ Ըստ Լուկաշենկոյի՝ երկու ժողովուրդների բարի կամքը միշտ եղել և մնում է բելառուսա-վրացական բազմակողմ համագործակցության հուսալի հիմք, որը պետք է ակտիվորեն զարգանա՝ ի շահ երկու երկրների։

Զուրաբիշվիլին էլ Անկախության օրվան նվիրված միջոցառմանն իր ելույթի ժամանակ նշել է, որ մայիսի 26-ին վրաց ազգը վերջնականապես որոշեց ապրել ազատ ու անկախ երկրում։

Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով Անկախության օրվան նվիրված միջոցառմանը, դիմել է օկուպացված տարածքներում բնակվող քաղաքացիներին և ասել, որ Վրաստանը մտադիր չէ տարածքները վերադարձնել «պատերազմով և ուժով»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով էլ Վրաստանում խաղաղության ամենաերկար շրջանը իշխող «Վրացական երազանք» կուսակցության իշխանության օրոք է եղել։

Ղարիբաշվիլին նաև նշել է, որ Վրաստանն ակնկալում է, որ ԵՄ-ն անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհի։

Անկախության օրը նշվում էր մայրաքաղաք Թբիլիսում, ինչպես նաև երկրի տարբեր շրջաններում: Մառնեուլի քաղաքին կից այգում մեծ միջոցառում է կազմակերպվել, որտեղ ժամանել էին շրջանի գյուղերից աշակերտներ, ուսուցիչներ և այլ բնակիչներ:

Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը համատեղ նամակով դիմել է ԵՄ ղեկավարությանը` խնդրելով Վրաստանին տալ թեկնածուի կարգավիճակ։ 

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ այս տարվա ապրիլին Վրաստան է ներկրվել 8 181 տոննա ցորեն և գարի՝ 2,9 մլն դոլար արժողությամբ, ինչը 73,11 տոննայով պակաս է 2021 թվականի ապրիլի համեմատ։