Երևանում նշվում է քաղաքի հիմնադրման 2800-ամյակը․ լուսանկարներ

2800 վազորդների մասնակցությամբ երևանյան մարաթոնով այսօր՝ հոկտեմբերի 21-ին մեկնարկեցին Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները։

Ողջ օրվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում նախատեսված են միջոցառումներ։ Քաղաքային իշխանությունները խոստացել են՝ տոնական տրամադրություն կտիրի քաղաքի ինչպես կենտրոնում, այնպես էլ ծայրամասերում։

Հեծանվավազք, դասական, ջազ ու ռոք համերգներ, ազգային երգ ու պարի, հարթակ։ Կլինի նաև Երևանում բնակվող ազգային փոքրամասնությունների հարթակ։ Իսկ տոնական երեկոն կեզրափակվի գալա համերգով ու հրավառությամբ։

Երևանի տոնն ավանդույթի համաձայն նշվում էր հոկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակին, սակայն այս տարի Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի առիթով որոշվեց տոնը նշել հոկտեմբերի 21-ին։

Փոփոխվել են նաև տոնական միջոցառումների համար նախատեսված ծախսերը։

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հենց երդմնակալության օրը հայտնեց, որ օրվա հետ կապված եղել են միջոցառումներ, որոնք ոչ նպատակային էին այդ տոնի համար:

«Այդ կրճատումներից տոնը վստահաբար չի տուժել: Այն լինելու է շատ շքեղ և հետաքրքիր մեր երևանցիների համար»,-ասել է նա՝ հավելելով, որ կրճատումներ արվել են նաև հաշվի առնելով, որ առջևում ձմեռ է և բավական մեծ ծախսեր կան անելու։

Կից կարող եք տեսնել նաև միջոցառումների ցանկը։