Երեխաների աղքատության ցուցանիշները Վրաստանում. Օմբուդսմենի զեկույցը

Վրաստանի հանրային պաշտպանը օրերս հրապարակել է տարեկան զեկույցը երկրում մարդու իրավունքների սպառիչ և բավականին մտահոգիչ վիճակի մասին։

428 էջանոց փաստաթուղթը վերհանում է համակարգային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են իրավապահների անպատժելիությունը, բանտերում տիրող իրավիճակը և ազատ հավաքների սահմանափակումը։

Զեկույցի ամենամտահոգիչ ու տագնապալի ուղղություններից մեկը վերաբերում է երկրի սոցիալական վիճակին և երեխաների իրավունքներին։

Ժողովրդական պաշտպանն ընդգծել է, որ աղքատությունը շարունակում է մնալ Վրաստանի գլխավոր մարտահրավերը, որն ուղղակիորեն հարվածում է ամենախոցելի խմբին՝ երեխաներին։ Չնայած պետական տարբեր ծրագրերին, սոցիալապես անապահով երեխաների թիվը ոչ թե նվազում, այլ շարունակում է աճել, ինչը վկայում է գործող համակարգի անարդյունավետության մասին։

«Աղքատությունը երկրում շարունակում է մնալ գլխավոր համակարգային մարտահրավերներից մեկը։ Ժողովրդական պաշտպանը մատնանշել է, որ այս իրողությունն ուղղակիորեն և ծանր կերպով անդրադառնում է մարդու գրեթե բոլոր իրավունքների իրացման վրա և հատկապես վատթարացնում է արդեն իսկ խոցելի խմբերի վիճակը։

2025 թվականի տվյալներով՝ «Սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայում» հաշվառված է 379 հազար 957 երեխա, որոնցից 23 հազար 322-ը գրանցվել են առաջին անգամ, նշված է Վրաստանի հանրային պաշտպանի տարեկան զեկույցում, որն արդեն ներկայացվել է խորհրդարանին։

«Աղքատությունը դեռևս երկրի կարևորագույն խնդիրներից է, ինչն իր հերթին բացասաբար է անդրադառնում մարդու բոլոր իրավունքների իրացման վրա և էլ ավելի է ծանրացնում խոցելի խմբերի վիճակը։ 2025 թվականին աղքատության հաղթահարմանն ուղղված թիրախային սոցիալական օգնության ծրագրի տվյալների բազայում գրանցված բնակչության թիվը կազմել է 1 մլն 307 հազար 607 անձ։ Նրանցից կենսապահովման նպաստ ստացողների թիվը ողջ երկրում 463 հազար 122 է։

Երեխաների աղքատության առումով, ըստ 2025 թվականի տվյալների, բազայում հաշվառված է 379 հազար 957 երեխա։

Աղքատությունը բացասաբար է ազդում նաև տարեցների իրավունքների վրա։ Հատկանշական է, որ սոցիալապես անապահով և աղքատության շեմից ցածր գտնվող տարեցների ցուցանիշը բարձր է, ինչի պատճառով նրանք դասվում են բնակչության առանձնահատուկ խոցելի խմբին»,- ասված է զեկույցում։

Վիճակագրական ազգային ծառայության 2025 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Վրաստանի բնակչության թիվը կազմում է 3 մլն 704 հազար 500 մարդ: Հետևաբար, ստացվում է, որ երկրում գրեթե յուրաքանչյուր երրորդ մարդ գրանցված է թիրախային սոցիալական օգնության ծրագրի տվյալների բազայում:

Նույն ժամանակահատվածում երկրում 0-ից 16 տարեկան երեխաների թիվը կազմել է 760 հազար 355: Տվյալները ցույց են տալիս, որ Վրաստանում երեխաների մոտավորապես կեսը հաշվառված է սոցիալապես անապահովների բազայում:

Վրաստանի նախկին հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդգծեց, որ փաստը, թե սոցիալապես անապահով երեխաների թիվն աճում է, նշանակում է, որ ինչ-որ բան սխալ ուղղությամբ է զարգանում.

«Այն փաստը, որ սոցիալապես անապահով երեխաների թիվն աճում է, նշանակում է` ինչ-որ բան սխալ ուղղությամբ է զարգանում։ Բարեփոխումները կանգ են առել, և այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է այլ քաղաքականություն՝ կենտրոնացված մարդու իրավունքների վրա, որտեղ մարդն է գլխավորը, և պետությունը հոգ է տանում խոցելի խմբերին», — նշեց նա։

Իրավունքներին վերաբերող մեկ այլ կարևոր հարց, որին անդրադարձել է Օմբուդսմենը, գենդերային հիմքով դրդված սպանություններն են.

«Գենդերային հավասարության համատեքստում մտահոգիչ է, որ կանանց սպանությունների՝ ֆեմիցիդի կանխարգելումը և արդարադատության իրականացումը մնում են մարտահրավեր։ 2025 թվականին բացահայտված 12 կնոջ սպանության փաստից 10-ը կատարել է ընտանիքի անդամը։ Իսկ սպանության փորձի 21 դեպքից 9-ի հեղինակը նույնպես ընտանիքի անդամ է։ Ցավոք, 2025 թվականին ևս արձանագրվել են դեպքեր, երբ պետությունը, չնայած հնարավոր բռնության մասին նախնական տեղեկություն ունենալուն, չի կարողացել կանխել կնոջ սպանությունը կամ սպանության փորձը»։

Վրաստանի խորհրդարանում՝ գնագոյացման հարցերով ժամանակավոր աշխատանքային հանձնաժողովի նիստի ժամանակ, «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության պատգամավոր Դաջի Կովզիրիձեն ուշադրություն է հրավիրել սոցիալապես անապահով երեխաների թվի վրա և նշել, որ երկրում մանկական սնունդն ու խնամքի միջոցները չափազանց թանկ արժեն։

«Պարոն Շոթա՛, շատ դժվար է, երբ տակդիրները և մանկական խնամքի միջոցները Վրաստանում շատ թանկ են։ Այն, ինչ ձեր կառավարությունը փչացրել է, դուք չեք կարող ուղղել»,- ասել է Կովզիրիձեն։

Այս հայտարարության դեմ «Վրացական երազանք»-ի պատգամավոր Շոթա Բերեկաշվիլին նշել է, որ գնագոյացման հանձնաժողովի նիստը «քաղաքական հայտարարությունների վայր չէ»։

«Վրաստանում ոչ ոք սոված չէ»,- ի պատասխան ասել է Բերեկաշվիլին։

Հատկանշական է, որ փետրվարին առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել սկսել սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների բազայի ստուգումը։

Այս որոշման մասին հայտնել էր «Վրացական երազանք»-ի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն։

Նրա խոսքով՝ սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայում գրանցված և ֆինանսական օգնություն ստացող ընտանիքների թիվը գերազանցում է 185 հազարը, իսկ նման ընտանիքների անդամների թիվը կազմում է 710 հազար։

Տվյալների բազայում գրանցված է ընդհանուր առմամբ առնվազն 400 հազար ընտանիք` մոտ 1 մլն 300 հազար մարդ։ Նրանց կեսից ավելին օգնություն չի ստանում, բայց զգալի մասն օգտվում է օրենսդրությամբ նախատեսված տարբեր տեսակի արտոնություններից։

Ըստ Սարջվելաձեի` սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազան բազմիցս դարձել է քաղաքական անազնիվ շահարկումների առարկա։

«Նշենք, որ 2012 թվականից ի վեր, ավելի շատ մարդկանց աջակցելու համար, նպաստների ստացումը որոշող միավորը կրկնապատկվել է։ Եթե միավորը չբարձրանար, այսինքն՝ եթե պետությունը նպաստներ չտրամադրեր նույնիսկ համեմատաբար ավելի ապահովվածներին, ապա նպաստ ստացող ընտանիքների թիվն այսօր առավելագույնը 120 հազար կլիներ՝ 185 հազարի փոխարեն», — ասել է Սարջվելաձեն։

Նրա խոսքով՝ սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազան չի համապատասխանում երկրի տնտեսական առաջընթացին։