Երջանիկ լինելու ամենակարճ ճանապարհի՝ սիրո մասին

Տարօրինակ մի օրինաչափություն կա. սիրահարվել, սիրել, ամուսնանալ, երեխաներ ունենալ ու այսպես շարունակ: Բայց ախր սերն ու սիրահարվածությունը մեկ այլ բան է, մեկ ընդհանուր տանիք ունենալը՝ մեկ տանիքի տակ ապրելը լրիվ այլ բան: Սակայն փաստ է, որ մեկն առանց մյուսի չի կարող լինել:

Սերն այն է, երբ ամռան շոգին միմյանց ձեռք բաց չեք թողնում, թեկուզ դրանք շոգից արդեն թրջվել են: Սերն այն է, երբ ձմռան ցուրտն անտեսելով՝ ձեռքերը գրպան տանելու փոխարեն՝ ձեռք ձեռքի տված քայլում եք: Քայլում եք մեկ մարդու նման՝ հավասարաչափ լոնքերով ու հաստատ քայլերով: Չորս ոտնահետքեր եք թողնում ձյան հիշողության մեջ ու քայլում առաջ, քայլում եք գարունների, ամառների, աշունների ու ձմեռների վրայով, քայլում ձեռք ձեռքի տված:

Սերն այն է, երբ երկուսով պառկում եք թաց խոտին, ու նայում ոչ թե միմյանց աչքերի մեջ, այլ երկնքին: Երկուսով նայում եք նույն երկնքին, նույն աստղերին, հետո երկուսով միաժամանակ մատով ցույց տալիս ընկնող ու հորիզոնում դեռ իր հետքը թողած մի աստղի, ու երկուսով սկսում երազել: Երկուսով երազելն ավելի գեղեցիկ է, երազանքի իրականացումն էլ ավելի իրական:

Խոտերին երկար պառկելուց հետո միաժամանակ նայում եք ժամացույցին.

-Արդեն շատ ուշ է, գնացի՛նք:

Հետո դիտավորյալ ընտրում եք տուն տանող ամենաերկար-բարակ ճանապարհն ու այդ ճանապարհն էլ ավելի երկարացնելու համար սկսում եք ճոճվելով, քայլերը դանդաղեցնելով երկար-բարակ քայլել, մերթընդմերթ հրմշտել, գրկել, ուղղել միմյանց խոտից խոնավացած շորերն ու կողք կողքի քայլել: Ժամանակ առ ժամանակ նայել նորից վերև՝ երկնքին, աստղերին: Այն մտքից, որ դուք մենակ եք՝ միայն երկուսով, երկուսիդ սրտխփոցները սկսում են արագանալ, ձեր սրտերը բաբախում են միաժամանակ՝ նույն հաճախականությամբ: Բայց դուք մենակ չեք, աստղերը ձեզ են նայում, տեսնում են ձեր սիրուց փայլող աչքերն ու գեղեցիկ ժպիտները, ճանապարհը լուռ հետևում է ձեր քայլերին ու աչքի տակով մերթընդմերդ խորհրդավոր հայացքներին: Քամին էլ է զգում ձեր համբույրի ջերմությունը, այն պոկում ձեր շուրթերից ու տանում իր հետ: Լուսինն, արևն ու մնացած բոլոր մոլորակներն ու աստղերն այդ պահին հենց ձեր շուրջ են պտտվում, ձեզ համար, ձեր շնորհիվ են պտտվում:

Սերն այն է, երբ ձեր երկուսի ձեռքերը միաժամանակ բռնում են մեկ այլ մարդու փոքրիկ թաթիկներն ու իրեն սովորեցնում առաջին քայլերը, որ հետո ինքն էլ Սեր ճանապարհով քայլի երկար ու բարակ…

Իսկ երջանիկ լինելու ամենակարճ ճանապարհը ՍԵՐՆ է:

Սերը, թերևս լավագույնս նկարագրել է Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված առաջին թղթում. ‹‹Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, չի հանդգնում, իրենը չի փնտրում, չի գրգռում, չարը չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է Ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս է տածում, ամեն բանի համբերում։ Սերը երբեք չի սպառվում…»

Սիրե՛ք միմյանց, շա՜տ սիրեք, հետո կարող է ուշ լինել: Սիրե՛ք ու միայն սիրելով ընդհանուր տանիքի տակ ապրեք՝ ընտանիք կազմեք, որպեսզի ձեզանից Սեր ծնվի ու դուք նրա փամփլիկ թաթիկներից բռնած քայլել, ապրել ու սիրել սովորեք ու սովորեցնեք…

Հեղինակ՝ Հերմինե Կարապետյան (ջավախքցի, Հայաստանի հանրային ռադիոյի «Բլից արտ» հաղորդաշարի լրագրող, հաղորդավար)

«Ալիք մեդիայի» «ընթերցողից» շարքում հրապարակվում են մեր ընթերցողների խոհերը։ Սյունակում տեղ գտած մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել Ալիքի տեսակետների հետ։